Շարունակական դասընթացներ

Շարունակական դասընթացներ

Ավետիսյան դպրոցում շարունակվում են մանկավարժների ամբողջական վերապատրաստման սեմինար-դասընթացները, որոնք մեծ վարպետությամբ վարում է դպրոցի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը:

Սեմինար պարապմունքների ընթացքում դասընթացավար տիկին Ներսեսսյանը անդրադարձավ 9-11 տարեկան (4-6-րդ դասարանների) աշակերտների ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հուզական առանձնահատկություններին և ուսուցման գործընթացում ուսուցիչների կողմից դրանց կարևորմանը: Այս հույժ կարևոր և արդիական թեմաների քննարկմանը դասընթացում ընդգրկված երեք խմբերից յուրաքանչյուրի համար հատկացվեց 5-ական պարապմունք, և այդ 15 հանդիպումների ընթացքում դիտարկվեցին երեխաների դաստիարակության էական և առանցքային խնդիրները: Փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին քննարկումներն իրապես ընդլայնվեցին թե՛ տեսական և թե՛ գործնական առումով: Ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով նշված խմբի տարիքային առանձնահատկությունները՝ տիկին խորհրդատուն անցավ հաջորդ քայլին՝ տեսական գիտելիքները դասվարների կողմից կյանքի կոչելուն և դրանք գործնականում կիրառելու նրբություններին: Նրա կողմից անհրաժեշտ շեշտադրումներ արվեցին ցանկացած պահի մանկավարժի առջև ծառացող խնդիրները լուծելիս ճիշտ կողմնորոշվելու, անհատական մոտեցում ցուցաբերելու, ճկուն և անսխալ որոշումներ կայացնելու անհրաժեշտության վրա:

Սեմինարների ընթացքում դասվարներին հնարավորություն տրվեց նշված դիտանկյուններից (ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հուզական) յուրաքանչյուրի վերաբերյալ դիտարկումներ անել իրենց դասավանդած դասարաններում: Այդ դիտարկումների արդյունքները քննարկվեցին յուրաքանչյուր հերթական պարապմունքի ընթացքում, ընդ որում դասվարները արդեն նորովի, նոր հայեցակետից բնութագրեցին իրենց սաներից յուրաքանչյուրին՝ ըստ վերջիններիս տարիքային առանձնահատկությունների:

Կարևոր է նշել, որ սեմինար-պարապմունքներն անցան գործնական աշխույժ մթնոլորտում և շոշափելի առաջխաղացում մտցրին ուսումնական գործընթացի մեջ:

Ավետիսյան դպրոցի մանկավարժների ամբողջական վերապատրաստման սեմինար-դասընթացները շարունակական են, և դա ուրախալի է, քանի որ արդեն իսկ առկա է դրանց անվերապահ արդյունավետությունը:

Ավետիսյան կրթահամալիրում կմեկնարկի Ամառային դպրոցը

Ավետիսյան կրթահամալիրում կմեկնարկի Ամառային դպրոցը

Ավետիսյան կրթահամալիրում կմեկնարկի «Ամառային դպրոց 2021» ուսումնական նախագիծը՝ սույն թվականի 06.07-23.07-ը ներառյալ:

Նպատակը՝

  • Ամառային գործունեությունը դարձնել առավել կենսուրախ ու հետաքրքիր մեր կրթահամալիրի եռանդուն թիմի և առաջարկած ծրագրերի շնորհիվ
  • Ուսումնական, ճանաչողական հմտությունների ձեռքբերում

Ծրագրում՝

  • Օտար լեզուներ
  • Քաղաքային ճամփորդություններ
  • Ստեղծագործական գործունեություն
  • Բակային և ինտելեկտուալ խաղեր
  • Ռոբոտաշինություն
  • Լեգոտեխնոլոգիա
  • Պար
  • Ֆուտբոլ
  • Լող
  • Առողջ սնունդ, աղցաններ, միրգ

Մասնակիցներ՝

  • 7-14 տարեկան երեխաներ

Ժամանակացույց՝

  • Երկուշաբթի-ուրբաթ
  • Ժամը՝ 0930-1500
  • Մեկնարկը՝ 06.07.2021-ին
  • Ամառային դպրոցի ամսավճարը՝ 50.000 ՀՀ դրամ
  • Գրանցման վերջնաժամկետը՝ 25.06.2021թ.

Ցանկացողները կարող են գրանցվել՝ Ավետիսյան դպրոցի info@avedisianschool.am էլփոստին ուղարկելով իրենց հասցեն և հեռախոսահամարը:

Վճարումները կկատարվեն կրթահամալիրի հաշվապահությունում, մինչև ս/թ հունիսի 25-ը։

Դպրոցի հասցեն՝

ՀԱԹ, Առնո Բաբաջանյան 42/7

Հեռ. 043002314

 

Ավետիսյան դպրոցը կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ

Ավետիսյան դպրոցը կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ

Մայիսի 28-ին Ավետիսյան դպրոցը տոնական ու զարդարուն էր հյուրընկալորեն ծածանվող հսկայական եռագույնով, մայիսյան վարդերի շքեղությամբ:

Մթնոլորտը տոգորված էր օրվա խորհրդի շնչով. չէ՞ որ կրթօջախը հրաժեշտ էր տալիս 2020-2021 ուստարվա իր շրջանավարտներին: Հրաժեշտի արարողությանը մասնակցեցին ավագ դպրոցի աշակերտներ, ծնողներ, հյուրեր մայրաքաղաքի կրթական հաստատություններից:

Պատվավոր հյուրերի թվում էին ԱՀԱԸ և Ավետիսյան դպրոցի համակարգող մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև 2019-2020 ուստարվա շրջանավարտները, որոնց ավարտական զանգի հանդիսությունը անցյալ տարի չեղարկվել էր համավարակի պատճառով:

Հնչում է տոնական, հանդիսավոր երաժշտությունը: Ներս են բերվում ՀՀ պետական և Ավետիսյան դպրոցի դրոշները: Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանի աղոթքից հետո ողջույնի ուղերձ է հղում դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը: Այնուհետև շրջանավարտներին իր հայրական խոսքն է ասում ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:

Շրջանավարտներին բարեմաղթանքի և ողջերթի ուղերձով է դիմում ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Օրվա բանախոսը՝ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, դոկտոր Հասմիկ Բարանը իր շնորհավորական ելույթում կարևորում է ներկա դարաշրջանի մարտահրավերների պայմաններում ճիշտ ընտրության և աստվածահաճո ապրելակերպի անհրաժեշտությունը:

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք են ասում Լուսյա Գյուրջյանը և Կարո Պետրոսյանը: Այնուհետև բեմ են հրավիրվում ուստարվա 34 շրջանավարտները, որոնք վերապատվելի Զավեն Խանջյանի ձեռքից ստանում են իրենց հասունության վկայականները՝ միջնակարգ դպրոցն ավարտելու հավաստագրերը: Ավետիսյան դպրոցի ավարտական հանդեսը, ավանդույթի համաձայն, ավարտվում է դպրոցի կանաչազարդ բակում, որտեղից շրջանավարտները երկինք են թռցնում իրենց երազանքների գույնզգույն օդապարիկները: Բարի՜ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ: Ձեր ստեղծագործ ճախրանքին մաղթում ենք անամպ երկինք և խաղաղ հորիզոններ:

Հպարտանքի, գնահատանքի եւ շնորհաւորանքի օր. Դոկտ. Յասմիկ Պարան

Հպարտանքի, գնահատանքի եւ շնորհաւորանքի օր. Դոկտ. Յասմիկ Պարան

Աւետիսեան Դպրոցի Շրջանաւարտից Հանդիսութիւն

Բարի Երեկոյ Յարգելի Հիւրեր եւ Ծնողներ,

Կ’ողջունեմ ձեր բոլորին ներկայութիւնը այս աւարտական հանդիսութեանը եւ շնորհակալութիւն կը յայտնեմ ինծի տրուած այս առիթին համար փոխանձելու իմ խօսքս:

Կրթական միջավայրը ընդհանրապես հոգեհարազատ է եղած ինծի համար որպէս երկարամեայ մանկավարժ ու դաստիարակ: Այդ զգացումը կրկնակի շեշտուեցաւ իմ մէջս այսօր, որովհետեւ կը գտնուիմ հայրենի հողի վրայ Խորեն եւ Շուշանիկ Աւետիսեան համալիրէն ներս:

Այսօր կը համարեմ հպարտանքի, գնահատանքի եւ շնորհաւորանքի օր: Հպարտանքի օր, որովհետեւ մեր առաջ պարզուած այս գեղեցիկ պատկերը, աւարտական համազգեզտներով զարդարուած, գոհացում ցայտող աջքերով նստած, մեր ապագայի գիտնականներն ու առաջնորդները ինչպես չյառաչացնեն մեզմէ իւրաքանջիւրին մէջ պարծանքի զգացումներ: Ինչպէս հնարաւոր է չգնահատել տարուած հաւաքական ջանքերը Աւետիսեան դպրոցի ուսանողներուն, տնօրէնութեան, ուսուցիչներուն, պաշտօնէութեան եւ համակարգող մարմնին հասնելու համար այս արդիւնքին: Այսօր, առիթն է նաեւ շնորհաւորելու մեր աւարտականներուն իրենց արձանագրած բացառիկ յաջողութիւններուն համար: Նախ ամբողջացնելով աւագ դպրոցի կրթական ծրագիրը, դժուարին պայմաններու մէջ, աշխարհին սպառնացող Քորոնա ժահրի պատճառաւ, եւ երկրորդ մեր աւարտականներու արժանաբար ընդունումը բարձրորակ բուհերէն ներս:

Սիրելի շրջանաւարտներ,

Կը համարեմ ձեզ բախտաւորներ: Թէ ինչու, որովհետեւ դուք առիթը ունեցաք յաճախելու երազանքի դպրոցը: Ջերմ զարգացման մթնոլորտի մէջ վայելեցիք սիրալիր կապերը ձեր ընկերներուն եւ ուսուցիչներուն միջեւ, արձանագրեցիք յիշատակելի փորձարութիւններ որոնց մասին հաճոյքով պիտի անդրադարնաք ձեր ամբողջ կեանքի ընթացքին մէջ:

Դուք ստացաք 21րդ դարու համատասխան բարձորակ կրթութիւն արդիական միջոցներով եւ այս երկուքը չեն համատեղուիր հեշտութեամբ: Դուք ամբարեցիք գիտութիւն, մշակեցիք վերլուծական մտածելակերպ եւ նորարար միտք, անդրադարձաք համագործակցութեան կարեւորութեանը, որպես անհրաժեշտ գործելակերպ, ներկայ դարուս մէջ յաջողութիւն գտնելու համար: Ուղղուեցաք համամարդկային ու քրիստօնէական բարոյական արժեքներու համապատասխան, որոնք կազնուացնեն մարդու սիրտը, կը հանգստացնեն հոգին, եւ կիմաստաւորեն կեանքը: Գուցէ այս խօսքերը այս պահուն շատ չհետագրգրէ ձեզ, բայց կը յուսամ որ ձեր մտքերու ետին փոքր տեղ մը գրաւելով ի յարկին կըլլան օգտակար:

Թէ ինչպես թեւակոխել ուսման նոր հանգրուան մը: Եղեք նպատակասլաց, ունեցէք իրագործելի նպատակներ, վճրական հետեւողականութեամբ յարատեւեցէք ձեր ջանքերուն մէջ իրականացնելու այդ նպատակները որպեսզի անոնք չմնան լոկ երազներ: Ինքնավստահութեամբ շարունակեցէք ձեր ուսումնատենչ ուղղեւորութիւնը եւ զարգացումը ինչպէս թելադրուած է ձեզի ծանօթ ձեր դպրոցի բնաբանին մէջ (Noli Cedere Cognoscere) որպեսզի չխուսաբիք նոր քայլեր առնելու:

Դուք քիչ ետք պիտի ստանաք տարիներու ձեր աշխատանքին արդար պսակումը հանդիսացող վկայականները: Ձեզ կը սպասեն նորութիւններ, յաջողութիւններ եւ կամ չսպասուած արդիւնքներ: Ինչ որ ալ ըլլան այդ պարագաները, թող անոնք պատճառներ չդառնան ձեզ շեղելու ձեր սկզբունքներէն որոնք կամրապնդեն ձեր ինքնութիւնը եւ կը դարձնեն ձեզ լիարժէք մարդկային էակներ: Ուսման եւ գիտութեան նկատմամբ սէրը, հոգեմտաւոր ու մարդկային վսեմ արժէքներուն նկատմամբ յարգանքն ու նուիրումը թող միշտ առաջնորդեն ձեր քայլերը: Գործեցէք բարին, պաշտպանեցեք արդարութիւնը:

Սիրելի 12րդ կարգի աւարտականներ, յոյսով եմ, որ դուք ըստ ձեր մասնագիտական զանազան կողմնորոշումներուն, եւ ստացած քրիստոնէական դաստիարակութեան, մօտիկ ապագային երբ կը դառնաք բժիշկներ, ծրագրաւորողներ, շուկայագէտներ, իրաւաբաններ, լեզուաբաններ, բնապահպաններ, երաժիշտներ, եւ այլն, այդպիսով ձեր կարեւոր մասնակցութիւնը կը բերեք մեր հայրենիքի պահպանման եւ զարգացման երթին :

 

Ամեն յաջող կրթական հաստատութիւն, կ’ունենայ իր տեսլական ունեցող հիմնադիրները, ինչպիսին է Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը Աւետիսեան դպրոցի պարագային: Անոր հոգատարութիւնը մշտապես կ’եռաշխաւորէ Աւետիսեան դպրոցի յաջողութիւնը որու համար մեծապես շնորհակալ ենք:

Աւետիսեան Վարժարանի յարատեւ զարգացման ճանապարհի ղեկին նստած է բարձր գնահատանքի արժանի վարժարանի տնօրէնուհի ,Տիկին Մելանեա Գեղամեանը որ համագործակցաբար իր որակակաոր ուսուցչական կազմին հետ կապահովէ նորանոր յաջողութիւններ: Կը շնորհաւորեմ Տիկին Մելանեան եւ իր ուսուցչական կազմը:

Կը շնորհաւորեմ նաեւ ձեզ, յարգելի ծնողներ: Դուք հաւատացիք Աւետիսեան դպրոցի առաքելութեան եւ ձեր երեխաներու ուսումը վստահեցաք այս վարժարանին եւ ի հարկին համագործակցեցաք անոր դաստիարակչական արշաւին հետ: Վստահ եմ, որ ձեր ակնկալութիւնները լիարժէք գոհացումի արժանացան:

Եւ վերջապես, ջերմագին շնորհաւորութիւններս բոլորիդ եւ բարի երթ ձեզի սիրելի շրջանաւարտներ:

Շնորհակալութիւն

Դոկտ. Յասմիկ Պարան

 

Դուք հայրենիքի ապագայ առաջնորդներն էք. Զաւէն Խանճեան

Դուք հայրենիքի ապագայ առաջնորդներն էք. Զաւէն Խանճեան

Կ’ողջունեմ ձեզ Աւետարանչականի Հոգաբարձութեան, Նախագահի եւ աշխարհասփիւռ մեծ ընտանիքի անունով: Կ’ողջունեմ ձեզ բարերար Էտուարտ եւ Փամելա Աւետիսեաններու անունով, կ’ողջունեմ ձեզ բարերար Պիլեզիքեան Հիմանդրամի անունով, հաստատելով բոլորին անկոտրում յանձնառութիւնը սատարելու այս Մեսրոպաշունջ հաստատութեան: Գնահատանքի խօսք ունիմ վարժարանի տնօրինութեան, ուսոցչական կազմի, դաստիարակներու եւ ծնողներու իրենց հաւաքական հոգածութեան համար մեր աննման ուսանող սերունդին:

Հետեւելով Պոլսոյ Կեդրոնականցիներու, Եսայանցիներու կամ Թիֆլիսի Ներսեսեանցիներու, կ’ողջունեմ ձեզ Սիրելի Աւետիսեանցիներ մաղթելով որ վերոյիշեալ վարժարաններու յուռթի, բարձրորակ եւ լուսաւոր շրջանաւարտներու փաղանքին նման լուսոյ ճանապարհ մը ձգէք ձեր ետին:

Բառին բովանդակ առումով աննախընթաց եւ դժուար տարի մը կը ձգենք  ետին որու ճանապարհին մեր հաւաքական մորմոքը միայն խթան մը ըլլալու է նորանոր ոստումներու, նուաճումներու, յաղթանակներու եւ վերելքի:

Հայրենիքը ծառաւը ունի նոր մտքի, թարմ գաղափարներու, փայլուն սխրանքներու եւ աննախընթաց ստեղծագործութեան:

Հեռու մնացէք մեզ շրջապատող օթեկ մտայնութիւններէ, նիւթապաշտութիւնէ եւ փառասիրութիւնէ: Զրահաւորուեցէք բարձրորակ  գիտութեամբ եւանարատ քրիստոնէական բարոյականութեամբ:

Ծանր է գուցէ բեռը բայց եւ քաղձր է անոր վարձատրութիւնը:

Դուք հայրենիքի փայլուն ապագայի յոյսն էք: Դուք հայրենիքի ապագայ առաջնորդներն էք:

Յաջողութիւն ձեզի եւ Աստուած օրհնէ ձեր ճանապարհը:

Այսօր ինծի համար պատիւ եւ առանձնաշնորհում է ձեզի ներկայացնել 2020-21 տարուայ շրջանաւարտներու ուղղուած հիւր պատգամաբեր Դոկտոր Յասմիկ Պարանը:

Ողջունենք Դոկտ. Յասմիկ Պարանը:

 

Զաւէն Խանճեան

Մայիս 28, 2021

Հաղթողները հյուրընկալվեցին Քաղաքապետարանում

Հաղթողները հյուրընկալվեցին Քաղաքապետարանում

Երևանի Քաղաքապետարանում հյուրընկալվեցին հանրակրթական դպրոցների «Պատմություն» առարկայից օլիմպիադայի քաղաքային փուլում հաղթած դպրոցականները, որոնց թվում էր նաև առաջին տեղ գրաված մեր սանը՝ Ավետիսյան դպրոցի 10-րդ «ա» դասարանի աշակերտուհի Միլենա Հակոբյանը: Նա Քաղաքապետարանի կողմից պարգևատրվեց առաջին կարգի դիպլոմով և անվանական նվերով: Ավելացնենք, որ հաջորդ՝ հանրապետական փուլում ևս Միլենան հայտնվեց լավագույնների շարքում՝ գրավելով պատվավոր երկրորդ տեղը:

Լուսանկարում՝ պարգևատրման արարողությունից հետո. մրցանակակիր Միլենա Հակոբյանն իր ուսուցչուհու՝ Զարուհի Ավետիսյանի հետ: