Ապր 6, 2021 | Մեր առօրյան
«Հայաստան ծառատունկ» ծրագրի (Armenia Tree Project) պաշտոնական էջը գրում է.
«Անչափ երախտապարտ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր այս շաբաթ օրը միացան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեր ծառատունկին։
580 մշտադալար ծառ տնկվեց՝ ի հիշատակ մեր նահատակված հերոսների, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի։
Հատուկ շնորհակալություն Ավետիսյան դպրոցի և Land Culture կազմակերպության թիմերին՝ իրենց գործադրած ջանքերի համար»:
Planting Hope in Yerablur
Ապր 5, 2021 | Մեր առօրյան
Մեր իրականության մեջ այսօր առավել, քան երբևէ, ծառացած է այս հարցադրումը. չէ՞ որ նրանից, թե ովքեր են թիավարելու դեռևս անորոշության մեջ խարխափող մեր նավը, կախված է ամբողջ ազգի, ամբողջ երկրի ապագան:
Այս ոգով և տրամադրությամբ անցավ Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիների և ուսուցչակազմի հանդիպումը CivilNet.am կայքի քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ: Ներկայացնելով հյուրին՝ ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը տեղին համարեց նշել, որ պարոն Հակոբյանը դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ից մշտական բնակության է տեղափոխվել Երևան՝ գիտակցելով, որ այստեղ է իր տեղը, և հայրենիքն է իր զավակների ապահով մանկության վայրը:
Ինչպիսի՞ն պետք է լինի լավ առաջնորդը: Հանգամանորեն խոսելով լավ առաջնորդի անձնային որակներին առաջադրվող պահանջների մասին՝ բանախոսը առանձնացրեց մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնք են՝ իրավիճակի սթափ գիտակցում, պատասխանատվության ստանձնում թե՛ հաջողության և թե՛ անհաջողության համար, անաչառություն, սեփական սխալն ընդունելու, հակադիր տեսակետը լսելու և քննարկելու կարողություն։ Թե՛ բանախոսը և թե՛ դահլիճը միասնական կարծիքի էին՝ լավ առաջնորդի մեծագույն թշնամիներ համարելով անսկզբունքայնությունը, հանդուրժողականությունն ու հարմարվողականությունը:
Ոչ միայն «ի՞նչ», այլև «ինչո՞ւ» և «ինչպե՞ս». հարցեր, որոնք հուզում են բոլորիս, անշուշտ, նաև ավետիսյանցիներին: Հարցեր, որոնցից երբևէ չի խուսափել CivilNet.am կայքը և 2011 թվականից ի վեր տասնյակ շոշափելի արդյունքներով ապացուցել է, որ միայն հստակ հարցադրմամբ է հնարավոր գտնել ճիշտ պատասխանը, ինչի շնորհիվ նվաճել է իր լսարանի անգնահատելի վստահությունը:
Ուրախությամբ պետք է փաստել, որ պարոն Է. Հակոբյանի վերլուծությունը չվերածվեց միակողմանի դասախոսության. հատկապես ավագ դպրոցականներին հուզող հարցերը և հնչեցրած առողջ դատողությունները, խորիմաստ մտքերը մեկ անգամ ևս վկայեցին, որ դահլիճում անտարբեր մարդ չկար, ինչը հանդիպման վերջում հիացմունքով փաստեց բարձրարժեք հյուրը:
Հավատում ենք, որ Ավետիսյան դպրոցի դահլիճում այդ ժամին հավաքված պատանիների մեջ էին մեր ապագայի լավագույն առաջնորդները:
Ապր 2, 2021 | Մեր առօրյան
Ապրիլի 1-ին Ավետիսյան դպրոցի 10բ դասարանի աշակերտները բնօգտագործման հերթական դասի ընթացքում տնկիներ դրեցին դպրոցի բակի փոքր ջերմոցում՝ էկոլոգիապես մաքուր լոլիկ ստանալու համար։
Հողը պարարտացնելու համար աշակերտներն օգտագործեցին իրենց իսկ պատրաստած կոմպոստը։
Մրտ 31, 2021 | Մեր առօրյան
Մարտի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Համահայկական ընթերցանության ստեղծագործական մրցույթի երկար սպասված մրցանակաբաշխությունը։
Մրցույթին մասնակցում էր շուրջ 700 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից։
Երեք փուլ շարունակ մասնակիցները պայքարում էին, կարդում, ստեղծագործում։
Երեք փուլերի ընթացքում մրցույթի մասնակիցներն աչքի ընկան խոհեմությամբ, ստեղծագործական մտքի յուրօրինակ թռիչքով, զարմացրին ու հիացրին ժյուրիի անդամներին իրենց գրավոր և բանավոր խոսքով։
Ավետիսյան դպրոցի 4գ դասարանի աշակերտուհի Գրիգորյան Արևիկը զբաղեցրեց մրցութային երրորդ տեղը, պարգևատրվեց արժեքավոր նվերներով ու պատվոգրով, իսկ դպրոցի գրադարանը համալրվեց նոր գրքերով։
Շնորհավորում ենք Արևիկ Գրիգորյանին և մաղթում նորանոր հաջողություններ։
Այս մասին գրում են՝
Արմենպրես
Էդիթ Պրինտ
Կրթադիտակ
Խնկո Ապոր գրադարան
ArmSwissBank
Մրտ 15, 2021 | Մեր առօրյան
«Վե՛ր կաց, եղբայր իմ»
Այս խորագիրն էր կրում Ավետիսյան դպրոցում կազմակերպված ավագ դպրոցի միջդասարանական սպորտլանդիան՝ նվիրված հայոց բանակի 29-րդ տարեդարձին: Այն անցկացվեց փուլերով:
Առաջին փուլում թիմերը մասնակցեցին ինտելեկտուալ-մարզական խաղին: Երկրորդ փուլում անցկացվեց վոլեյբոլի առաջնություն: Այս երկու փուլերի արդյունքներով հաղթող ճանաչվեց և դպրոցի փոխանցիկ գավաթին արժանացավ առավելագույն միավորներ հավաքած X «բ» դասարանը: Մրցութային մյուս տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ 2-րդ տեղ՝ XI «ա» դասարան 3-րդ տեղ՝ XI «բ» դասարան 4-րդ տեղ՝ X «ա» դասարան:
Լարված մրցապայքարից հետո դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ թիմերը մեկօրյա հանգիստ անցկացրին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում, որտեղ էլ տեղի ունեցավ հաղթողների պարգևատրումը:
Հայոց բանակի 29-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվեց նաև հրաձգության ներդպրոցական մրցույթ: Այստեղ լավագույններն էին Մանուկյան Անուշիկը, Մարգարյան Նարեն (երկուսն էլ` IX «բ») և Պողոսյան Սերինեն (X «ա»):
Մրտ 5, 2021 | Մեր առօրյան
Հալեպահայ իրականության մեջ հայտնի դեմք է արձակագիր, թարգմանիչ, դերասան, բեմադրիչ և մանկավարժ, տիտղոսակիր Հակոբ Միքայելյանը: 2014 թվականից հաստատվելով Հայաստանում՝ վաստակաշատ մտավորականը շարունակում է իր բեղուն գործունեությունը ստեղծագործական, մանկավարժական և լրագրության ասպարեզներում, հատկապես սերտ կապեր ունի ԱՀԱԸ հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոցի հետ: Հենց այս կրթօջախի գրադարանում էլ կայացավ մանկավարժների և բարձրդասարանցիների հանդիպումը պարոն Հ. Միքայելյանի հետ, և առիթը գրողի ութերորդ գրքի՝ «Ճակատագրի սև կատուն» վիպակի քննարկումն էր:
Առաջին հարցերը, որ ուղղվեցին գրողին, կապված էին նրա կենսագրության հետ: Շատ հետաքրքիր էր լսել զեյթունցի բռնագաղթյալների զավակի կենսապատումը, նրա անձնական և ազգային դիրքորոշումները, մտորումները արևմտահայերենի և ընդհանրապես հայերենի մասին, նաև պատկերացնել սիրիահայ յուրահատուկ և գունեղ իրականությունն՝ իր կրթօջախներով, ինչպես նաև սիրիական պատերազմների ծանր անդրադարձը նախկինում հսկայական ու ծաղկուն հայկական համայնքի վրա:
Ապա բառի բուն իմաստով տեղացին հարցեր վիպակի ստեղծման, նրա հիմքի, կերպարների, հանգուցալուծման վերաբերյալ: Ընթերցողներին հատկապես հուզում էր գլխավոր հերոսի՝ Զավենի կերպարը, այն ամենը, ինչ կապված էր նրա ճակատագրի հետ:
Այնուհետև հանդիսավար մանկավարժ Լ. Բախշյանի նախաձեռնությամբ աշակերտները, ապա նաև մանկավարժները ընթերցեցին վիպակի՝ իրենց ամենից շատ դուր եկած մտքերն ու արտահայտությունները, որոնք դուրս էին գրել նախապես՝ գիրքը կարդալուն զուգահեռ:
Հանդիպումը ջերմ էր և անմիջական: 11-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյան փորձեց վերլուծել վիպակը և ներկայացրեց իր պատկերացումները նրա գաղափարի, հեղինակի, հերոսների մասին: Պարոն Հակոբ Միքայելյանը նրան նվիրեց վիպակի մի օրինակը՝ իր մակագրությամբ:
Ի հիշատակ այս բովանդակալից օրվա՝ հրաժեշտից առաջ բոլորը լուսանկարվեցին հարգարժան հյուրի հետ, իսկ դպրոցի տնօրեն տ-ն Մելանյա Գեղամյանը Ավետիսյան կրթօջախի անունից պարոն Հակոբին նվիրեց Ս. Էջմիածնի արժեքավոր գործերից «Տերունական տոմար» հրատարակությունը:
Ի դեպ, Ավետիսյան դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ արդեն չորս տարի է, ինչ ուսուցանվում է արևմտահայերեն: Ուրախալի բացահայտում էր, որ այն արդեն դյուրամատչելի է ավետիսյանցիների համար: «Ճակատագրի սև կատուն» բոլորը հեշտությամբ կարդացել էին արևմտահայերենով:
Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման (նախագահ՝ Ն. Գրիգորյան) մյուս հետաքրքիր ձեռնարկումների մասին կպատմենք շուտով: