Մարտի 23-ին «Ավետիսյան» դպրոցի բանավեճի ակումբը մասնակցեց Երևանի ամերիկյան անկյունում անցկացվող բանավեճին՝ «Հայաստանը և Թուրքիան ունեն համատեղ ապագա» թեմայով: Մեր թիմը մրցում էր հ. 198 ավագ դպրոցի բանավեճի ակումբի դեմ:
Բանավեճը դատում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և «The Beautified Project» խմբի սիրված երգիչ Անդրե Սիմոնյանը:
Մրցույթի ընթացքում ուղիղ կապ հաստատեցին Չարենցավանի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Գյումրու տարբեր դպրոցների բանավեճի ակումբների անդամներ, որոնք բանավեճից հետո հնարավորություն ստացան երգչին և դեսպանին ուղղելու իրենց հուզող հարցերը:
Ցուցադրվեց «The Beautified Project» խմբի երգիչ Անդրե Սիմոնյանի նոր տեսահոլովակը, որը ստեղծվել է թուրքահայ երգչուհի Սիբիլի և մի շարք թուրք երաժիշտների հետ համագործակցության արդյունքում:
ԱՄՆ դեսպանը նշեց, որ «Ավետիսյան» դպրոցի աշակերտներն իրեն զարմացրին և հիացրին իրենց համոզիչ խոսքով և բանավիճելու հմտություններով: Նա կատարված աշխատանքի և աշակերտների ցուցաբերած արդյունքների համար շնորհավորեց բանավեճի ակումբի ղեկավար Արևիկ Խաչատրյանին:
Մարտի 11-ին «Ավետիսյան» դպրոցում անցկացվեց բանավեճի հանրապետական մրցաշարի միջդպրոցական երկրորդ փուլը, որին մասնակցում էին բանավեճի ակումբներ Երևանի վեց դպրոցներից:
Բանավեճերը հետաքրքիր էին ու թեժ, իսկ բանավիճողների փաստարկները` հիմնավոր, տրամաբանված ու գրագետ շարադրված:
Այս փուլում հաղթող ճանաչվեց 3 թիմ, այդ թվում` մեր դպրոցի բանավեճի ակումբը:
Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին: Հաջողություն մաղթենք մեր թիմին:
Մարտի 3-ին «Ավետիսյան» դպրոցի իններորդցիների միջև անցկացվեց համակցված դաս-մրցույթ ֆիզիկայից և մաթեմատիկայից:
Աշակերտները հնարավորություն ստացան ուրախ մթնոլորտում ստուգելու իրենց գիտելիքները, նկատելու բացթողումները և այս կերպ պատրաստվելու տարեվերջյան քննություններին:
Նշենք, որ դպրոցում անցկացվող մրցույթների համակարգչային խաղ-վարժությունները պատրաստում են ավագ դպրոցի աշակերտները:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում «Բնապահպանական կրթություն» առարկան: Փոխարենը որպես այլընտրանք շատ դպրոցներ և կազմակերպություններ ստեղծում են էկո ակումբներ և էկո կենտրոններ աշակերտներին բնությանն ավելի մոտեցնելու համար:
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամում բարձր հիմքերի վրա է դրված էկոդաստիարակությունը: Դրա վառ ապացույցն էր վերջերս երկրորդ դասարանցիների մոտ անցկացված գործնական պարապմունքը` «Սենյակային բույսերի տնկում և վերատնկում» թեմայով: Գործնական պարապմունքն ուներ և′ ճանաչողական (երեխաները սովորեցին բույսերի վայրի և սենյակային լինելու, դրանք տնկելու և վերատնկելու բոլոր նրբությունների մասին), և′ գեղագիտական (դասասենյակների պատուհանագոգերը գեղեցկացնում են նրանց տնկած ծաղիկները), և′ աշխատանքային (երեխաները հոգատարությամբ ջրում և խնամում են իրենց տնկած ծաղիկները) նշանակություն:
Փետրվարի 21-ին «Ավետիսյան» դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը:
Դպրոցի հայոց լեզվի ամբիոնը պատրաստել էր գեղեցիկ բեմականացում, որում անդրադառնում էր հայ գրերի գյուտին և դրա ազգապահպան նշանակությանը:
Ներկայացման գլխավոր հերոսները` Զավենը, Նվերը և Ռոբերտը, հանդիսատեսին պատմեցին Մաշտոցի կրած նեղությունների ու հայ գրերի գյուտի գործում կաթողիկոս Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի դերակատարության մասին:
Բեմականացման մեջ միաձուլվել էին հայ գրերի գյուտի վերաբերյալ Կորյունի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ներկայացրած տեղեկությունները, իսկ նպատակը մեկն էր` ցույց տալ Մաշտոցի սխրանքն ու հայոց գրերի ազգապահպան նշանակությունը:
Միջոցառումը մեր աշակերտներին, ուսուցիչներին ու հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է խոսենք ու մտածենք հայերեն, մաքուր պահենք ու պահպանենք մեր լեզուն, գնահատենք մեր մշակութային գանձը` ոսկեղենիկ հայոց լեզուն:
Հյուրերի թվում էր մեր դպրոցի լավ բարեկամ Անահիտ Բախշյանը, որը շնորհավորեց մեր աշակերտներին իրենց գեղեցիկ ու համոզիչ խաղի և խոսուն հայրենասիրության համար: