Գիրք նվիրելու օրը «Ավետիսյան» դպրոցում

Գիրք նվիրելու օրը «Ավետիսյան» դպրոցում

Հանճարեղ  լոռեցու` Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրը`   փետրվարի 19-ը, վերջին տարիներին  Հայաստանում  նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

«Ավետիսյան» դպրոցի ընթերցասեր աշակերտներն ըստ պատշաճի պատրաստվել էին այս օրվան:  Նախ տարրական դպրոցի սաներն իրենց ավագ ընկերներին բեմից պատմեցին, թե ինչպես է ստեղծվել գիրքը, որոնք են Հայաստանի և աշխարհի  ամենամեծ գրադարանները,  և մի շարք այլ հետաքրքրիր փաստեր գրքի մասին:

Միջին և ավագ դպրոցների աշակերտներն էլ,  իրենց ուսուցիչների օգնությամբ  նախապես ուսումնասիրելով գրադարանում առկա գրքերը, կազմել էին  անհրաժեշտ գրականության ցանկ`որոշելով  համատեղ ուժերով ձեռք բերել  դրանք և նվիրել գրադարանին:

Դպրոցին  գրքեր նվիրեցին նաև  տնօրեն Մելանյա Գեղամյանը և ՖԿՀՊԻ մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան Անահիտ Հարությունյանը:

Սիրելի´ աշակերտներ, շտապե´ք ընթերցելու այս նոր գրքերը, որոնք կօգնեն ձեզ բացահայտելու նորանոր  ու զարմանահրաշ  աշխարհներ:

«Ավետիսյան» դպրոցի աշխորհրդի անդամներն այցելել են զոհված զինծառայող Աղասի Գրիգորյանի ընտանիքին

«Ավետիսյան» դպրոցի աշխորհրդի անդամներն այցելել են զոհված զինծառայող Աղասի Գրիգորյանի ընտանիքին

Օրերս «Ավետիսյան» դպրոցի աշխորհրդի անդամներն այցելել են զոհված զինծառայող Աղասի Գրիգորյանի ընտանիքին:

Աղասին Արարատի մարզի Արբաթ գյուղից էր: Սովորում էր «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապագա ատամնաբույժ էր: Նա, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է ծառայության:

2015 թ. դեկտեմբերի 18-ի գիշերը ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերն իրականացնում են հերթական դիվերսիոն փորձը: Հայ դիրքապահներին հաջողվում է հետ մղել թշնամուն, սակայն մերձամարտերի ժամանակ արիաբար զոհվում են Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:

Այս երկու հերոսները հունվարի 28-ին ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով:

Մեր աշակերտները այցելեցին Աղասի Գրիգորյանի ընտանիքին և իրենց զորակցությունը հայտնեցին այս հերոսի ծնողներին՝ նշելով, որ նրանց որդին իրենց համար անմնացորդ հայրենասիրության և քաջության օրինակ է:

Ամանորյա ներկայացումներ «Ավետիսյան» դպրոցում

Ամանորյա ներկայացումներ «Ավետիսյան» դպրոցում

«Ավետիսյան» դպրոցի աշակերտները սիրում են ոչ միայն լավ սովորել, այլև մի լավ ուրախանալ, իսկ հարմար առիթի դեպքում էլ` բեմ բարձրանալ ու խաղալ ներկայացումներում:

Կիսամյակի վերջին շաբաթվա ընթացքում նրանք հասցրին և´ հանձնել իրենց քննություններն ու ստուգարքները, և´ մասնակցել դպրոցում անցկացվող տոնական միջոցառումներին:

Դեկտեմբերի 24-ին մեր թատերական խմբակի ներկայացումն էր: Բեմադրվել էին անմահ Թումանյանի միշտ արդիական հեքիաթները (բեմադրիչ` Հակոբ Միքայելյան):

Դեկտեմբերի 26-ին էլ թատերական մյուս խմբակի բեմադրությունն էր`«Հրաշք գիշեր» խորագրով (բեմադրիչ` Նունե Աբրահամյան):

Էլ  ի՜նչ ամանորյա հրաշք առանց Ձմեռ պապի ու նրա նվերների: Ներկայացման ավարտին  դպրոց այցելեց Ամանորի ամենասպասված  հյուրը, մեզ մի լավ ուրախացրեց և  դպրոցի տնօրենության անունից  մեր բոլոր աշակերտներին նվիրեց  գեղեցիկ գլխարկներ, իսկ վերջում կարդաց  մեր սիրելի տնօրեն տիկին Գեղամյանի ամանորյա ուղերձը:

Ամանորյա բարեգործական տոնավաճառ «Ավետիսյան» դպրոցում

Ամանորյա բարեգործական տոնավաճառ «Ավետիսյան» դպրոցում

Դեկտեմբերի 22-ին «Ավետիսյան» դպրոցում տոնական եռուզեռ էր. ժամը 12-ին սկսվելու էր ամանորյա բարեգործական տոնավաճառը: Աշակերտները այս միջոցառմանը պատրաստվել էին մեծ ոգևորությամբ. նրանց ընձեռվել էր բարի գործ կատարելու հերթական հնարավորությունը …
Մեր տաղանդավոր սաները նախօրոք պատրաստել էին տարատեսակ անուշեղեններ, տոնածառի խաղալիքներ, ձեռագործ աշխատանքներ ու գեղեցիկ հուշանվերներ, որոնք պետք է վաճառեին:
Տոնավաճառի ընթացքում մեր փոքրիկ հրուշակագործներն ու արհեստավորները վերածվեցին հմուտ առևտրականների, որոնք սակարկում էին, «հաճախորդների» ուշադրությունը գրավելու տարբեր հնարամիտ միջոցներ մտածում և համոզում գնումներ կատարել:
Օրը աշակերտների և ուսուցիչների համար ի վերջո վերածվեց տոնի, որին մասնակցեցին նաև աշակերտների ծնողները, ինչպես նաև դպրոցի` տարբեր տարիների շրջանավարտներ:
Բարեգործական տոնավաճառի հասույթը կտրվի որևէ կարիքավոր ընտանիքի:

Հրապարակվել են «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ռուսաց լեզվի և գրականության մասնագետների հոդվածները

Հրապարակվել են «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ռուսաց լեզվի և գրականության մասնագետների հոդվածները

1000
Ազգային հանրակրթական դպրոցում ռուսաց և գրականության դասավանդման մեթոդիկայի արդի ուղղությունները» խորագրի ներքո լույս է տեսել ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների II, III, IV միջազգային գիտագործնական համաժողովների նյութերի ժողովածուն: Ի թիվս այլ հրապարակումների` նրանում տեղ են գտել նաև «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ Սվետլանա Աղաջանյանի «Նախադասության վրա կատարվող աշխատանքները» և Նաիրա Հովհաննիսյանի «Ռուսերեն դարձվածների ուսուցման մի քանի հարցեր» հոդվածները:

Հերթական բարեգործական միջոցառումը «Ավետիսյան» դպրոց-համայնքային կենտրոնում

Հերթական բարեգործական միջոցառումը «Ավետիսյան» դպրոց-համայնքային կենտրոնում

Հերթական բարեգործական միջոցառումը «Ավետիսյան» դպրոց-համայնքային կենտրոնում
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում բարեգործական միջոցառումները դարձել են բարի ավանդույթ: Դպրոցի ուշադրության կենտրոնում են հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի հղի մանկավարժները, որոնք էլ ժամանակ առ ժամանակ հրավիրվում են «Ավետիսյան» դպրոցի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների և հեռանում իրենց փոքրիկների համար նախատեսված տարատեսակ նվերներով:
Ապագա մայրիկների հետ հերթական հանդիպումը կազմակերպվել էր Ամանորի նախաշեմին: Դեկտեմբերի 16-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 22 հղի մանկավարժներ, ինչպես նաև կրթության բաժնի աշխատակիցներ էին հրավիրվել «Ավետիսյան» դպրոց: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց գեղեցիկ ֆիլմ` նվիրված նորածինների ճիշտ խնամքին:
Դպրոցի տնօրենությունը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ ապագա մայրիկներին նվիրեց նորածինների համար նախատեսված գլխարկներ և ծածկոցներ:
Նվերները պատահական չէին ընտրված: Հայ նորածիններին գլխարկներ և ծածկոցներ նվիրելու նախաձեռնությունը սկսվել է 2013 թ., երբ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի բնակիչ Բեթի Չերքեզյանը նախաձեռնեց «Գործված է սիրով» ծրագիրը, որի նպատակը հայ նորածիններին անհրաժեշտ պարագաներով ապահովելն էր: Նշենք, որ ծրագիրը Հայաստանում կյանքի է կոչվում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ջանքերով: