Դկտ 5, 2016 | Մեր առօրյան
Հարգելի՛ հայրենակից, 2016-ի նոյեմբերի 24-ին Հանրային հեռուստաընկերության (Հ1) «ՄԵՐՈՆՔ» հաղորդաշարի հյուրն էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության խորհրդի անդամ, Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանը:
Առաջարկում ենք դիտել «ՄԵՐՈՆՔ» հաղորդումը՝ պրն Էդվարդ Ավետիսյանի մասնակցությամբ:
Նյմ 26, 2016 | Մեր առօրյան
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրում իրենց մանկավարժական փորձառությունն անցան Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական (հայոց լեզու և գրականություն) ֆակուլտետի մագիստրանտները: Երիտասարդ պրակտիկանտները դպրոցի մանկավարժների և բուհական պրակտիկայի պատասխանատուների անմիջական ուղեկցությամբ արեցին իրենց առաջին լուրջ, գործնական քայլը ԴՊՐՈՑ կոչվող զարմանահրաշ աշխարհում:
Այսօր կրթահամալիրի դահլիճում ապագա մանկավարժներին հանձնվեցին պրակտիկայի հավաստագրեր, առանձնապես աչքի ընկածներին՝ նաև շնորհակալագրեր: Դիմելով նրանց՝ կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը ևս մեկ անգամ հնչեցրեց այն անհերքելի ճշմարտությունը, որ մանկավարժությունը սոսկ մասնագիտություն է, մինչդեռ ուսուցիչը՝ կոչում, որն արդարացնում և որին արժանանում են այդ ասպարեզին անմնացորդ նվիրված և իրենց գործի ու աշակերտի հանդեպ սիրով լցված մասնագետները:
Ողջերթի և շնորհակալության ջերմ խոսքեր հղեցին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հ. Ներսեսսյանը և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը: Երկուստեք հույս և վստահություն հայտնվեց բուհ-դպրոց համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Որպես հաճելի անակնկալ՝ ցուցադրվեց ուսուցչի վեհ կոչմանը և Ավետիսյան դպրոցին նվիրված կարճամետրաժ տպավորիչ կինոժապավեն (ստեղծագործական կազմ՝ Մ. Գեղամյան, Տ. Սարգսյան, Ա. Մարդոյան):
Երախտագիտության ուղերձ հղվեց ԱՀԱԸ ղեկավարությանը և կրթահամալիրի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին:
Հանդիսության ավարտին տիկին Մ. Գեղամյանը ՀՊՄՀ-ից ժամանած դասախոսական կազմին նվիրեց կրթահամալիրի և նրա բարերաների մասին պատմող հրատարակություններ:
Ապագա մանկավարժներին հրաժեշտի արարողության պսակը եղավ դպրոցական նորաստեղծ նվագախմբի պայծառ ու շենշող ելույթը, որն ընդունվեց տևական անկեղծ ու սրտաբուխ ծափահարություններով:
Նյմ 25, 2016 | Մեր առօրյան
Ավետիսյան կրթահամալիրի սաները սիրով մասնակցեցին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված հերթական ծառատունկին, որն այս անգամ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում էր: Տնկվեցին 500 ծառեր, որոնք դրական ազդեցություն կունենան ինչպես Իրինդի շրջակա միջավայրի, անյպես էլ բնակիչների և ապագա սերունդների վրա:
Նյմ 21, 2016 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի 2գ դասարանի աշակերտներն ուսումնադաստիարակչական նպատակով կատարեցին էքսկուրսիա դեպի Էջմիածին` Մաչանենց արհեստաց կենտրոն: Կենտրոնում էքսկուրսավարը երեխաներին ուղեկցեց տարբեր սրահներ`ներկայացնելով գյուղատնտեսական գործիքները, կավե սպասքը, էկո թելերով գործված գորգերը….
Աշակերտները մասնակցեցին լավաշի թխման արարողությանը, համտեսեցին տաք լավաշը: Այնուհետև դիտեցին ներկայացումներ (Հովհաննես Թումանյանի հեքիաթներ):
Նյմ 21, 2016 | Մեր առօրյան
Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնը եւ «Հայ կրթութիւն» Հիմնադրամի «Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան» կրթահամալիրը Նոյեմբերի 21-ին Համալսարանի բանասիրական բաժանմունքում կազմակերպել էին հանդիսութիւն՝ նուիրուած բանաստեղծ Զարեհ Խրախունու 90 ամեակին:
Նախ, բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնի տնօրէն, ամբիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը: Նա շեշտադրեց այն, որ գրականութեան մէջ այսօր փոխւում, տեղաշարժեր են կատարւում ճանաչողական, իմաստային, գեղագիտական առումներով, շատ ու շատ գրողներ երեւում են նոր լոյսի տակ: Եւ սա փոխանցւում է նորագոյն սերնդին՝ թէ՛ ուսանողութեանը, թէ՛ աշակերտներին: Դա վերաբերում է նաեւ Սփիւռքի գրամշակութային ընկալմանը եւ նրա գլխաւոր արմատ Պոլսին, որի բանաստեղծներից Զարեհ Խրախունին դիմագիծ հաղորդեց իր սերնդին: Եւ ուրախալի է, որ հայրենի ոչ միայն աւագ, այլեւ նոր ու նորագոյն սերունդն է սիրով հաղորդւում բանաստեղծական այս որակին:
Ապա ձայնը տրուեց հիւրերից արձակագիր, գրականագէտ Ֆելիքս Բախչինեանին, ով իր հանգամանալից խօսքում ծանրացաւ Զ. Խրախունու բանաստեղծական յատկանիշների վրայ: Կենտրոնի մեթոդիստ եւ ամբիոնի ասիստենտ Քնարիկ Աբրահամեանի ելոյթը նուիրուած էր Զարեհ Խրախունու խորհրդանշանների համակարգին եւ ազատութեան փիլիսոփայութեան ընկալմանը: Բանասիրական բաժանմունքի մագիստրատուրայի հեռակայ բաժնի երրորդ լսարանի ուսանող, հալէպցի Սօսի Միշոյեանը քննութեան առաւ Զարեհ Խրախունու բանաստեղծութեան ազգային երակը:
Այս հանդիսութեան մեխը կազմեցին ուսանողներն ու աշակերտները, որոնց միասնական տեւական նախապատրաստութիւնը համ ու հոտ հաղորդեց, ամբողջացրեց Զարեհ Խրախունու պոեզիայի հմայքը: Արտասանութիւններով ու երաժշտական կատարումներով հանդէս եկան բանասիրական բաժանմունքի ուսանողներ Սեդա Ասլանեանը (մագիստրատուրա 1-ին լսարան), Ալէօնա Դումիկեանը (երրորդ լսարան), Հայկանուշ Մելիքսէթեանը (երրորդ լսարան), Գոհար Երուանդեանը (առաջին լսարան), «Աւետիսեան» դպրոցի սաներ՝ տասներորդցիներ Էլէն Բահրիկեանը, Մարիամ Սեդրաքեանը, Թագուհի Սիմոնեանը, տասնմէկերորդցի Նուէր Պետրոսեանը, ով մարմնաւորում էր բանաստեղծի կերպարը: Գեղարուեստական մասը «Հարցում՝ կռունկի թեւերուն» բանաստեղծութեամբ եզրափակեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտի հայցորդ, ասմունքող, գեղարուեստական յայտագրի պատասխանատու Գարունա Երանոսեանը, որի ատենախօսութեան թեման պոլսահայ քնարերգութիւնն է:
Հանդիսութիւնն անցաւ ջերմ ու յուզումնալից մթնոլորտում: Արդէն աւարտից յետոյ, սիրոյ սեղանի շուրջ, իր բարձր տպաւորութիւնը արտայայտեց բանասիրական բաժանմունքի դեկան Աշոտ Գալստեանը, ով ընդգծեց, որ այս նախաձեռնութեան արդիւնքում է, որ այսօր ունենք համալսարան-դպրոց համագործակցութեան հրաշալի օրինակ: Իսկ տնօրէն Մելանիա Գեղամեանը յոյս յայտնեց, որ իր սաներից շատերի համար նմանօրինակ նախաձեռնութիւնները կողմնորոշման նախադուռ են:
Նյմ 17, 2016 | Մեր առօրյան
Գույնզգույն աշունը տեղափոխվել էր «Հայ կրթություն» կրթական հիմադրամի փոքր դահլիճ: Այստեղ նախակրթարանի կրտսեր նախադպրոցական և ավագ նախադպրոցական խմբերի սաները իրենց գեղեցիկ ոտանավորներով, երգերով ու պարերով գովերգեցին աշունն ու աշնանային մրգերը: