Մարտի 11-ին «Ավետիսյան» դպրոցում անցկացվեց բանավեճի հանրապետական մրցաշարի միջդպրոցական երկրորդ փուլը, որին մասնակցում էին բանավեճի ակումբներ Երևանի վեց դպրոցներից:
Բանավեճերը հետաքրքիր էին ու թեժ, իսկ բանավիճողների փաստարկները` հիմնավոր, տրամաբանված ու գրագետ շարադրված:
Այս փուլում հաղթող ճանաչվեց 3 թիմ, այդ թվում` մեր դպրոցի բանավեճի ակումբը:
Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին: Հաջողություն մաղթենք մեր թիմին:
Մարտի 3-ին «Ավետիսյան» դպրոցի իններորդցիների միջև անցկացվեց համակցված դաս-մրցույթ ֆիզիկայից և մաթեմատիկայից:
Աշակերտները հնարավորություն ստացան ուրախ մթնոլորտում ստուգելու իրենց գիտելիքները, նկատելու բացթողումները և այս կերպ պատրաստվելու տարեվերջյան քննություններին:
Նշենք, որ դպրոցում անցկացվող մրցույթների համակարգչային խաղ-վարժությունները պատրաստում են ավագ դպրոցի աշակերտները:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում «Բնապահպանական կրթություն» առարկան: Փոխարենը որպես այլընտրանք շատ դպրոցներ և կազմակերպություններ ստեղծում են էկո ակումբներ և էկո կենտրոններ աշակերտներին բնությանն ավելի մոտեցնելու համար:
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամում բարձր հիմքերի վրա է դրված էկոդաստիարակությունը: Դրա վառ ապացույցն էր վերջերս երկրորդ դասարանցիների մոտ անցկացված գործնական պարապմունքը` «Սենյակային բույսերի տնկում և վերատնկում» թեմայով: Գործնական պարապմունքն ուներ և′ ճանաչողական (երեխաները սովորեցին բույսերի վայրի և սենյակային լինելու, դրանք տնկելու և վերատնկելու բոլոր նրբությունների մասին), և′ գեղագիտական (դասասենյակների պատուհանագոգերը գեղեցկացնում են նրանց տնկած ծաղիկները), և′ աշխատանքային (երեխաները հոգատարությամբ ջրում և խնամում են իրենց տնկած ծաղիկները) նշանակություն:
Փետրվարի 21-ին «Ավետիսյան» դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը:
Դպրոցի հայոց լեզվի ամբիոնը պատրաստել էր գեղեցիկ բեմականացում, որում անդրադառնում էր հայ գրերի գյուտին և դրա ազգապահպան նշանակությանը:
Ներկայացման գլխավոր հերոսները` Զավենը, Նվերը և Ռոբերտը, հանդիսատեսին պատմեցին Մաշտոցի կրած նեղությունների ու հայ գրերի գյուտի գործում կաթողիկոս Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի դերակատարության մասին:
Բեմականացման մեջ միաձուլվել էին հայ գրերի գյուտի վերաբերյալ Կորյունի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ներկայացրած տեղեկությունները, իսկ նպատակը մեկն էր` ցույց տալ Մաշտոցի սխրանքն ու հայոց գրերի ազգապահպան նշանակությունը:
Միջոցառումը մեր աշակերտներին, ուսուցիչներին ու հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է խոսենք ու մտածենք հայերեն, մաքուր պահենք ու պահպանենք մեր լեզուն, գնահատենք մեր մշակութային գանձը` ոսկեղենիկ հայոց լեզուն:
Հյուրերի թվում էր մեր դպրոցի լավ բարեկամ Անահիտ Բախշյանը, որը շնորհավորեց մեր աշակերտներին իրենց գեղեցիկ ու համոզիչ խաղի և խոսուն հայրենասիրության համար:
Հանճարեղ լոռեցու` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, վերջին տարիներին Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
«Ավետիսյան» դպրոցի ընթերցասեր աշակերտներն ըստ պատշաճի պատրաստվել էին այս օրվան: Նախ տարրական դպրոցի սաներն իրենց ավագ ընկերներին բեմից պատմեցին, թե ինչպես է ստեղծվել գիրքը, որոնք են Հայաստանի և աշխարհի ամենամեծ գրադարանները, և մի շարք այլ հետաքրքրիր փաստեր գրքի մասին:
Միջին և ավագ դպրոցների աշակերտներն էլ, իրենց ուսուցիչների օգնությամբ նախապես ուսումնասիրելով գրադարանում առկա գրքերը, կազմել էին անհրաժեշտ գրականության ցանկ`որոշելով համատեղ ուժերով ձեռք բերել դրանք և նվիրել գրադարանին:
Դպրոցին գրքեր նվիրեցին նաև տնօրեն Մելանյա Գեղամյանը և ՖԿՀՊԻ մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան Անահիտ Հարությունյանը:
Սիրելի´ աշակերտներ, շտապե´ք ընթերցելու այս նոր գրքերը, որոնք կօգնեն ձեզ բացահայտելու նորանոր ու զարմանահրաշ աշխարհներ: