«Ֆրանսիան իմ ափի մեջ»

«Ֆրանսիան իմ ափի մեջ»

Նոյեմբերի 25-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տիրում էր աշխույժ եռուզեռ. դպրոցի 6բ  դասարանի աշակերտները  պատրաստվում էին «Ֆրանսիան իմ ափի մեջ» դպրոցական ամսագրի շնորհանդեսին: Ֆրանսերենով հրատարակված ամսագիրը ստեղծվել է կրթահամալիրի նշված դասարանի սաների և նրանց ֆրանսերենի ուսուցչուհի Գայանե Հարությունյանի համատեղ ջանքերով:

Ամսագրի շնորհանդեսը ուղեկցվեց աշակերտների  ուրախ երգ ու պարով: Նրանք ֆրանսերենով ներկայացրին ամսագրի բովանդակությունն ու էությունը: Ամսագիրը ընթերցողներին կտանի Ֆրանսիայի պատմության, մշակույթի, քաղաքակրթության, երաժշտության, գրականության, սովորույթների ու վարքուբարքի հրաշագեղ աշխարհ:

«Դասարանապատկեր»

«Դասարանապատկեր»

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում գիտելիքի տոն է յուրաքանչյուր օր:  Նոյեմբերի 27-ը ևս բացառություն չէր: Այս անգամ դպրոցում անցկացվում էր «Դասարանապատկեր» մրցույթը կրթահամալիրի հինգերորդ դասարանների աշակերտների միջև:  Աշակերտները խանդավառությամբ էին պատասխանում հայերենի բառագիտությանը և հնչյունաբանությանը նվիրված հետաքրքրաշարժ հարցերին, խրախուսում և ոգևորում միմյանց:

Տնօրեն Մ. Գեղամյանը ևս խրախուսեց   մասնակիցներին՝ գովեստի խոսքեր ասելով աշակերտների և  միջոցառման կազմակերպիչ Լ. Բախշյանի հասցեին: Նա մասնակիցներին նվիրեց Սուրեն Մուրադյանի «Իմ վերջին կանգառը» ժողովածուն՝ հորդորելով նրանց սիրել գիրքն ու գրականությունը:

Հաղթեց համերաշխությունը, իսկ ավելի և ամենից շատ՝ մայրենի լեզուն:

 

Մ. Յու. Լերմոնտովի 200 ամյակին նվիրված միջոցառում

Մ. Յու. Լերմոնտովի 200 ամյակին նվիրված միջոցառում

02.12.14թ-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում տեղի է ունեցել Մ. Յու. Լերմոնտովի  200 ամյակին նվիրված միջոցառում:  Միջոցառմանը ներկա էր բազում  ռուսերեն դասագրքերի հեղինակ, ակադեմիկոս, տիկինԲելլա Մարկի Եսաջանյանը:

Միջոցառման ընթացքում հիմնադրամի աշակերտները դինամիկ և գունեղ ներկայացրեցին Լերմոնտովի կյանքը, գործունեությունը և ստեղծագործությունները, որի ընթացքում էկրանին ցուցադրվում էին համապատասխան նկարներ: Ճիշտ ռուսական առոգանությամբ երեխաները ասմունքեցին Լերմոնտովի բանաստեղծությունները,երգեցին նրա խոսքերի հիման վրա գրված երգեր ու հանդիսատեսին հիացրեցին իրենց պարերով («Մասկարադ» վալս Ա. Խաչատրյան և Վրացական պար):

Անգլերենի սեմինար «Հայ կրթությունում»

Անգլերենի սեմինար «Հայ կրթությունում»

Դեկտեմբերի 5-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար անգլերենի դասաժամերին տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառության ձևերի վերաբերյալ: Սեմինարավարն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Իռշատ Մադյարովը: Սեմինարին մասնակցում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր դպրոցների անգլերենի ուսուցիչներ: Սեմինարի ընթացքում քննարկվեց  առցանց պլատֆորմների, բլոգների, ձայնագրությունների, տեսադիտողական և տեսալսողական նյութերի կիրառումը դպրոցում:

Սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն ուսուցիչների և՛ դասարանային, և՛ արտադասարանային գործունեության ընթացքում:

 

«Գիտելիքն աշխարհ է կառուցում»

«Գիտելիքն աշխարհ է կառուցում»

Դեկտեմբերի 9-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի 6-րդ «ա» և «բ» դասարանների միջև (դասավանդող ուսուցիչներ` Ն. Մելիքյան և Կ. Կյուրեղյան) անցկացվեց «Գիտելիքն աշխարհ է կառուցում» խորագրով խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մեթոդմիավորման նախագահ Ն. Մելիքյանը դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների գործուն օժանդակությամբ:

Խաղի սահմանված կանոնների խստիվ պահպանմամբ թիմերը քայլ առ քայլ կառուցեցին իրենց «մաթեմատիկական աշխարհը»՝ հուզմունքի, ոգևորության ու նաև լարվածության պահեր պարգևելով թե՛ մրցակիցներին, թե՛ նրանց երկրպագուներին՝ բարձրդասարանցիներին և հյուրերին:

Արդյունքում շահեցին բոլորը. վեցերորդցիներն ամփոփեցին ուստարվա առաջին կիսամյակում ստացած գիտելիքները, 9-րդցիներն առաջիկա ավարտական քննության նախաշեմին կրկնեցին վեցերորդ դասարանի դասընթացը իսկ երկրպագուները մեծ բավականություն ստացան այս աշխույժ,  հետաքրքրաշարժ և ուսանելի մրցախաղից:

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի սաները մասնակցեցին «Ապրող ծառ» միջոցառմանը

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի սաները մասնակցեցին «Ապրող ծառ» միջոցառմանը

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի կարևոր արժեքներից  է շրջակա միջավայրի պահպանումը: Դպրոցի ամբողջությամբ  կանաչապատ տարածքը սրա վառ ապացույցն է:  Կրթահամալիրի  աշակերտները մեր կանաչ դպրոցի օրինակով վաղ տարիքից գաղափար են կազմում  աղբի վերամշակման, էներգիայի  խնայողության, շրջակա միջավայրի պահպանման մասին:  Այս ամենը նկատի ունենալով՝ մեր սաները չէին կարող չմասնակցել դեկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգում կազմակերպված «Ապրող ծառ»  միջոցառմանը, որին մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների շուրջ 500 աշակերտներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց  «Ապրող ծառ»  միջոցառումը, որի նպատակն էր առաջիկա տոներն անցկացնել առանց բնությանը վնաս հասցնելու:
Միջոցառմանը մասնակցող աշկերտների ցանկությունն էր մարդկանց ցույց տալ և համոզել, որ կարելի է Ամանորին մեր տներն ու քաղաքը զարդարել՝ չվնասելով մեր բնությունն ու շրջակա միջավայրը: Ժյուրի կողմից սահմանված որոշակի կոնոններին հետևելով մեր դպրոցի վեցերորդ և յոթերորդ դասարանների սաները դպրոցի տնօրենության և ուսուցիչների օգնությամբ հին ամսագրերի թերթերից պատրաստեցին տոնածառ, սկավառակներից՝ գունեղ խաղալիքներ, բամբակե ձնեմարդ, որը ոչնչով չէր զիջում իսկականին:
Աշակերտները, իրենց պատրաստած յուրօրինակ զարդարանքներով ոգևորված, որոշեցին իրենց բնակարանները ևս պճնել «էկո» տոնածառերով և  այլ ՝ բնության համար անվնաս զարդարանքներով:
Այս միջոցառումը նպաստեց  դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը: