Ավետիսյան դպրոցն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ավետիսյան դպրոցն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Յուրաքանչյուր տարի` ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները այցելում են Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր`  հարգելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Այս տարի ևս բացառություն չէր:   Ապրիլի 18-ին հիմնադրամի «Ավետիսյան» դպրոցն այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք: Ուսուցիչներն ու աշակերտները անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին  և աղոթեցին «Հայր մերը»:

Մեր աշակերտներից մի քանիսը հարցազրույց տվեցին` արտահայտելով իրենց վերաբերմունքը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 27-ին, ավանդույթի համաձայն, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոցի 7-10-րդ դասարանների աշակերտների 14-հոգիանոց խումբը մասնակցեց վերջին տարիներին Ծիծեռնակաբերդում հիմնված «Ծաղկահավաք» համատեղ միջոցառմանը, որն անցկացնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկերոջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ:
Մեր դպրոցականները համատեղ աշխատանքին մասնակցեցին մեծ ոգևորությամբ: Նրանք անմար կրակի մոտից դուրս էին բերում թոշնածծաղիկները, դրանց ծաղկաթերթերն անջատում ցողունից և լցնում մերձակա տարածքում նախապես սալահատակին փռված սպիտակ կտորների վրա: Ժրաջան աշակերտները «Ծաղկահավաքին» մասնակցելուամբողջ ընթացքում երգում էին ազգային-հայրենասիրական երգեր՝ խանդավառելով մեծահասակ հայրենակիցներին և բազմաթիվ արտասահմանցիների:
2010 թվականից ի վեր այդ կերպ չորացվող և հատուկ մշակություն անցնող ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար, որը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որն էլ վերջին տարիներին այն օգտագործում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիու համար:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում

Մայիսի 2-ին «Ավետիսյան» դպրոցը Հայ ավետարանչական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գեղեցիկ միջոցառում էր   կազմակերպել: Մեր դպրոցի ասմունքի և թատերական խմբակների  աշակերտների մասնակցությամբ բեմադրվել էր թատերական ներկայացում (բեմադրիչ` Հակոբ Միքայելյան):

Նախ ելույթ ունեցան մեր  ասմունքի խմբակի տաղանդաշատ աշակերտները` ներկայացնելով եղեռնասպան հայ գրողներ  Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի`Մեծ եղեռնի ահազարհուր տեսարանները ներկայացնող մի քանի ստեղծագործություն: Խմբակի սաները հատվածներ արտասանեցին նաև Պ. Սևակի կոթողային աշխատությունից` «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Ասմունքի խմբակի ելույթին հաջորդեց թատերական ներկայացումը: Բեմադրիչ, դրամատուրգ Հակոբ Միքայելյանը  բեմականացրել էր արևմտահայ նշանավոր գրող Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց»-ը: Աշակերտները ստացան հայրենասիրության հերթական դասը, այն է` միշտ պետք է պատրաստ լինենք զենքով դիմակայելու մեր նենգ թշնամուն:  «Խոհեմութիւնը զէնքին մէջն է»:

Թատերական խմբակի մեր տաղանդաշատ աշակերտները հանդիսատեսին գերեցին իրենց վստահ ու գեղեցիկ խաղով:

Մեր սաների խանդավառությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայը միշտ պահանջատեր է,  շարունակելու է միշտ հիշել ու պահանջել:

Տեղի ունեցավ Երևան վեպի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Երևան վեպի շնորհանդեսը

Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսիացի ժամանակակից նշանավոր գրող Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Փաստական տվյալներով հարուստ այս վեպը ներկայացնում է 1915 թ.  էրզրումահայության տեղահանության և եղեռնի պատմությունը:

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ վեպը   ֆրանսերենից հայերեն է թարգմանել «Ավետիսյան» դպրոցի հայոց լեզվի և գրականության սիրված ու հարգված ուսուցչուհի Զարմիկ Սարգսյանը, որը  վեպի թարգմանությամբ ցանկացել է իր փոքրիկ ներդրումն ունենալ  «Մեծ եղեռնի մասին Ճշմարտությունն աշխարհի հիվանդ ականջին հասցնելու գործում»:

Շնորհանդեսին, ի թիվս այլ հյուրերի,  ներկա էին «Ավետիսյան» դպրոցի ուսուցիչները և Զ. Սարգսյանի աշակերտները:

 

Հունիսի 1-ը

Հունիսի 1-ը

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն ստեղծվել է՝ մարդկությանը ևս մեկ անգամ խաղաղության, մարդասիրության ու մանկասիրության կոչ անելու:
Աշխարհի բոլոր փոքրիկները արժանի են գոնե այս օրը ունենալու հեքիաթային անհոգ մանկություն:
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան մանկապարտեզում հունիսի 1-ին իսկական տոն էր: Կրթահամալիրի կանաչապատ բակում մեր փոքրիկ սաները ուրախ երգ ու պարով ներկայացրին իրենց առօրյան ու չարաճճի արկածները սիրելի մանկապարտեզում:
Երեխաները իրենց դերասանական խաղով ու բարձր տրամադրությամբ կարողացան մեծահասակներին ևս տեղափոխել մանկության հրաշք մոլորակ:

 

ՄԱԿ-Ի ԲԱՐԵԿԱՄ

ՄԱԿ-Ի ԲԱՐԵԿԱՄ

«Ավետիսյան» դպրոցը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի հետ՝ մասնակցելով նրա կողմից կազմակերպված տարբեր մրցույթների և միջոցառումների: Այս անգամ համագործակցության առիթը ՄԱԿ-ի 70-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումն էր:

Մեր դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտները նախապես հրավիրվել էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ, ծանոթացել ՄԱԿ-ի պատմությանն ու գործունեությանը: Գրասենյակի աշխատակիցները դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցիչներին առաջարկել էին ՄԱԿ-ին նվիրված դասի որոշակի կառուցվածք  (համագործակցային մեթոդներով դաս, յուրաքանչյուր խմբի տասնհինգրոպեանոց  ելույթ):

Մեր ուսուցիչները, օգտագործելով և զարգացնելով այս գաղափարը, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ հունիսի 9-ին կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում:

Աշակերտները համառոտ ներկայացրին ՄԱԿ-ի պատմությունը և գործունեությունը: Այնուհետև նրանք բաժանվեցին  4 խմբի և ներկայացրին աֆրիկյան 4 հանրապետություններ (Եգիպտոս, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Գանա և Նիգերիա), որոնք ներկայացուցիչներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում:

Դպրոցի սաները այս երկրների ժողովուրդներին բնորոշ գունագեղ հագուստներով ու զարդերով էին:  Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց այս պետություններից յուրաքանչյուրի աշխարհագրական դիրքը, պատմությունը, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, տնտեսությունը, արդյունաբերության զարգացած ճյուղերը, տեսարժան վայրերը:  Այս ամենն ուղեկցվում էր աշակերտների կողմից պատրաստված  սլայդների ցուցադրությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, որոնք էլ ներկաներին տեղեկացրին, որ աշնանը կազմակերպվելու են ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: ՀՀ տարբեր մարզերից ընտրվելու է մեկական դպրոց.  Երևանը կներկայացնի ՄԱԿ-ի բարեկամ «Ավետիսյան» դպրոցը: