«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի սաները մասնակցեցին «Ապրող ծառ» միջոցառմանը

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի սաները մասնակցեցին «Ապրող ծառ» միջոցառմանը

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի կարևոր արժեքներից  է շրջակա միջավայրի պահպանումը: Դպրոցի ամբողջությամբ  կանաչապատ տարածքը սրա վառ ապացույցն է:  Կրթահամալիրի  աշակերտները մեր կանաչ դպրոցի օրինակով վաղ տարիքից գաղափար են կազմում  աղբի վերամշակման, էներգիայի  խնայողության, շրջակա միջավայրի պահպանման մասին:  Այս ամենը նկատի ունենալով՝ մեր սաները չէին կարող չմասնակցել դեկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգում կազմակերպված «Ապրող ծառ»  միջոցառմանը, որին մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների շուրջ 500 աշակերտներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց  «Ապրող ծառ»  միջոցառումը, որի նպատակն էր առաջիկա տոներն անցկացնել առանց բնությանը վնաս հասցնելու:
Միջոցառմանը մասնակցող աշկերտների ցանկությունն էր մարդկանց ցույց տալ և համոզել, որ կարելի է Ամանորին մեր տներն ու քաղաքը զարդարել՝ չվնասելով մեր բնությունն ու շրջակա միջավայրը: Ժյուրի կողմից սահմանված որոշակի կոնոններին հետևելով մեր դպրոցի վեցերորդ և յոթերորդ դասարանների սաները դպրոցի տնօրենության և ուսուցիչների օգնությամբ հին ամսագրերի թերթերից պատրաստեցին տոնածառ, սկավառակներից՝ գունեղ խաղալիքներ, բամբակե ձնեմարդ, որը ոչնչով չէր զիջում իսկականին:
Աշակերտները, իրենց պատրաստած յուրօրինակ զարդարանքներով ոգևորված, որոշեցին իրենց բնակարանները ևս պճնել «էկո» տոնածառերով և  այլ ՝ բնության համար անվնաս զարդարանքներով:
Այս միջոցառումը նպաստեց  դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը:

Գործված է սիրով

Գործված է սիրով

2013 թվականին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում Բեթի Չերքեզեանի և Նենսի Բուրդմանի մոտ հղացավ «Սիրով գործված» ծրագրի միտքը, որը նպատակ ուներ նորածին հայ մանուկներին տրամադրել անհրաժեշտ գլխարկներ և ծածկոցներ: ԱՀԱԸ-ն, հավանություն տալով այս գաղափարին, որդեգրեց այս միտքը և ընդգրկեց հայրենիքին ցուցաբերվող մի շարք ծրագրերի մեջ:

Ամեն տարի շուրջ 40.000 մանուկ է ծնվում Հայաստանում, սակայն ոչ բոլոր ծննդատներն են ծածկոցներ և գլխարկներ տրամադրում, իսկ հեռավոր գյուղերում նմանատիպ ծառայություն ընդհանրապես գոյություն չունի:

Այս ամենը հաշվի առնելով՝ «Սիրով գործված» ծրագիրը նպատակ ունի ապագա մայրիկներին՝ նորածինների համար գլխարկներ և ծածկոցներ տրամադրել: Ամերիկայի հայ համայնքները աջակցություն ստացան մի շարք բարերարների կողմից՝ տվյալ ծրագիրն իրականացնելու գործում:

Ամանորյա տոների շրջանակներում ՀԱԸ-ն, համագործակցելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ, Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում կազմակերպեց հատուկ միջոցառում վարչական շրջանի բոլոր հղի մանկավարժ կանանց համար: Միջոցառմանը ներկա էին ՀԱԸ Հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և վարչական շրջանի կրթության բաժնի պետը: Հանդիպման ժամանակ ցուցադրվեց մայրությանը նվիրված հատուկ ֆիլմ:

Ապագա մայրիկներին բաժանվեցին նաև ձեռագործ ծածկոցներ և գլխարկներ իրենց փոքրիկների համար, ինչպես նաև ԱՀԱԸ օրացույց, բուկլետներ և շնորհավորական բացիկներ:

«Սիրով գործված» ծրագիրի մասնակից կանանց նպատակն է, որ օրերից մի օր բոլոր նորածին հայ մանուկները տուն գնան քեզ նման հոգատար անհատի կողմից գործված գլխարկով և ծածկոցներով:

Ամանորյա ներկայացում մեր դպրոցում

Ամանորյա ներկայացում մեր դպրոցում

Դեկտեմբերի 26-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տիրում  էր ամանորյա  տոնական տրամադրություն: Դպրոցի բոլոր աշակերտները և ողջ աշխատակազմը հավաքվել  էին կրթահամալիրի լուսավոր ու ընդարձակ դահլիճում՝ դիտելու Ռ. Մարուխյանի «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ Բլբլանի մասին»  երաժշտական պիեսը (բեմադրիչ՝ Ն. Աբրահամյան, երաժշտական մաս՝ Գ. Բարակյան):

Ներկայացմանը մասնակցում էին դպրոցի յոթերորդ դասարանի տաղանդաշատ աշակերտները, թատերական խմբակի անդամները և երգչախմբի սաները: Դահլիճը շունչը պահած հետևում էր վախկոտ գայլի, խորամանկ աղվեսի, կռկռան բադի ու կախարդ Բլբլանի զվարճալի արկածներին: Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ մերում, բարին հաղթում է չարին, և մեր հեքիաթի հերոսները որսորդի օգնությամբ կարողանում են գտնել և վերադարձնել կախարդ Բլբլանի գողացած եղևնին:

Դահլիճը ցնծության մեջ էր: Կրթահամալիրի փոքրիկ սաներին ներկայացման ավարտից հետո սպասվում էր անակնկալ. Ձմեռ պապը նրանց հանձնեց ամանորյա նվերներ՝ սրանով էլ ավելի մեծացնելով փոքրիկների խանդավառությունը: Դպրոցի  աշակերտները  և աշխատակիցները բարձր տրամադրությամբ գնացին ձմեռային արձակուրդի:

Նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյանը

Նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյանը

Հունվարի 9-ին Հայ Ավետարանչական կենտրոնում  վաղ առավոտից տիրում էր տոնական աշխույժ եռուզեռ: Օրվա ընթացքում Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի՝ Ամանորին ու Սուրբ ծննդյանը նվիրված  «Ինձ սիրող ընկերը» բեմադրությունը  ցուցադրվեց չորս անգամ, որը դիտեցին  շուրջ 1200 երեխաներ իրենց ծնողների հետ: Ներկայացման հեղինակը և բեմադրիչ ռեժիսորն էր ՙՀայասա՚ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Նունե Աբրահամյանը:

Այս ուսանելի ներկայացման ցուցադրություններից մեկին էլ ներկա գտնվեցին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնի շուրջ 200 սաներ և նրանց ծնողները: Դպրոցի աշակերտները շունչները պահած դիտում  էին ներկայացումը, որը նրանց պատգամելու էր Սուրբ ծննդյան խորհուրդը և պատմելու ամանորյա հրաշքների մասին:
Ներկայացումից առաջ հանդիսատեսներին դիմեց ԱՀԱԸ-ի  Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և նրանց խնդրեց ուշադիր դիտել ներկայացումն ու փորձել հասկանալ նրանում թաքնված իմաստուն պատգամը: Փոքրիկներին դիմեցին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական կրթության և դաստիարակության  տնօրեն վեր. Ալբերտ Փայտյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովվի օգնական վեր. Հովհաննես Հովսեփյանը` նրանց ուղղելով հետաքրքրաշարժ հարցեր Աստվածաշնչից:
Հանդիսատեսը սրտատրոփ հետևում էր ներկայացման գլխավոր հերոսի՝ Հայկի արկածներին (դերակատարը կրթահամալիրի երրորդ դասարանի սան Էդուարդն էր), նրա ճանապարհորդությանը դեպի երկինք և նրա հետ տեղի ունեցած հրաշքներին:
Փոքրիկ Հայկի սիրտը սառել էր, և այն չի կարողանում ջերմացնել անգամ բուխարու թեժ կրակը: Հայկին կարող էր փրկել միայն Սուրբ ծննդյան հրաշքը: Եվ ահա փոքրիկ Հայկը, ով մտածում էր, որ ինքն աշխարհի ամենաանհաջողակ տղան է, իր հրեշտակ ընկերոջ հետ հայտնվում է  Բեթղեհեմում՝ Հիսուսից խնդրելու հալեցնել ու ջերմացնել իր սառած ու կարծրացած սիրտը: Հանդիպելով  մսուրում պառկած մանուկ Հիսուսին` Հայկն այնտեղից ստանում է  ձիթենու երեքտերևանի հրաշագործ մի ճյուղ, որը պետք է իրականացներ նրա երեք ամենանվիրական երազանքները:

Ո՜վ հրաշք. փոքրիկ Հայկի  սրտի սառույցը ընկնում է ու  բաժանվում հազարավոր բեկորների: Հերթը երկրորդ հրաշքինն էր. Հայկը իր քույրերի և եղբայրների համար խնդրում է գունազարդ շքեղ տոնածառ: Դահլիճում ներկաները զարմանքից բացականչում են՝ տեսնելով մի ակնթարթում անակնկալ կերպով  բեմում հայտնված շքեղ եղևնին:
Մեր փոքրիկ հերոսը, ճաշակելով Հիսուսի բարությունն ու Աստծու սերը, հասկանում է, որ անհրաժեշտ է բարի լինել, սիրել ու ուրախացնել շրջապատի մարդկանց, և որոշում է իրենց տուն հրավիրել իրենց հարևան երեխաներին, ովքեր նույնպես  տոնածառ չունեին:
Երրորդ և վերջին տերևը նետելով` Հայկը խնդրում է, որ իր ընկեր Մարկը վերջապես կարողանա թռչել: Զոհաբերելով իր վերջին հնարավորությունը` Հայկը կատարում է Մարկի ընկերոջ  բաղձալի ցանկությունը և դառնում աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Վերջում մեր փոքրիկ հերոսը՝ Հայկը,  դիմում է հանդիսատեսին՝ ասելով՝ Հիսուս սեր է, նա բարի է, սիրում է մեզ, ուրեմն մենք էլ պիտի սիրենք միմյանց:
Ներկայացման ավարտին բոլոր փոքրիկները Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից ստացան տարբեր նվերներ:

Հանդիսատեսը, խանդավառված իմաստալից ներկայացմամբ, իր հետ տարավ երկնային  հետևյալ պատգամը. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3.16):

 

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Այդ օրը Հայաստանում անցկացվում են ցեղասպանությունը դատապարտող մի շարք միջոցառումներ:

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը ևս անմասն չմնաց դրանցից: 10-րդ դասարանի աշակերտները և  փոխտնօրեն Ն. Այվազյանն ու գրադարանավար Տ. Մելոյանը մասնակցեցին Հայաստանի ազգային գրադարանում ՄԱԿ-Ի կողմից կազմակերպված կինոդիտմանը: Ցուցադրվող տեսանյութերում դատապարտվում էին ցեղասպանությունն ու դրա ցանկացած դրսևորում:

Կինոդիտումից աշակերտները հետևություն արեցին, որ մարդկությանն անհրաժեշտ են հանդուրժողականություն ու մարդասիրություն:

Տարածություն և ժամանակ

Տարածություն և ժամանակ

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:
Հայաստանում առաջին անգամ TEDx միջոցառումը ացկացվեց մարտի 7-ին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնում»: Այն ուներ «Տարածություն և ժամանակ» խորագիրը:
TEDxSalon@Yerevan հայաստանյան առաջին միջոցառումը հիմնականում վերաբերում էր բնապահպանական խնդիրներին: Այն կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և նպատակ ուներ շեշտադրելու շրջակա միջավայրի պահպանման խնդիրները՝ խթանելով ակտիվ քննարկումներ տեղական համայնքի գործիչների շրջանում:
ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան ողջունեց ներկաներին և ներկայացրեց TEDxSalon@Yerevan-ի զեկուցողներին: Զեկուցումներով հանդես եկան Դիանա Հարությունյանը՝ կլիմայի փոփոխության հետ առնչվող ծրագրերի համակարգողը, Կարեն Աղաբաբյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն, Վարդան Ուռությանը՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն և Տեխասի A&M համալսարանի դոցենտ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ելույթների ավարտից հետո ներկաները վայելեցին MIHR թատրոնի նոր ներկայացումներից մեկը:
«Ավետիսյան» դպրոցի սաները ևս անմասն չէին միջոցառմանը: 6-րդ և 10-րդ դասարանցիները հայաստանաբնակ և արտերկրից ժամանած հյուրերի հետ շրջեցին մեր դպրոցով՝ նրանց ներկայացնելով մեր դպրոցի պատմությունն ու առօրյան: