Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցը ATP կազմակերպության հետ համագործակցում է 2008թ-ից: Այս տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ միջոցառումներ են կազմակերպվել, տնկվել են ծառեր` կանաչով հարստացնելով շրջակա միջավայրը:
Հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2015թ-ի հունիսի 19-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Ավետիսյան դպրոցի 10-րդ և Լոս Անջելես քաղաքի «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները պիտի մասնակցեին խորհրդանշական ծառատունկի:
Ամեն տարի՝ ավարտելուց առաջ, «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցն իր սաներին բերում է Հայաստան՝ կապը հայրենիքի հետ ամուր պահելու,հայեցիությունն ու հայկականը ամրապնդելու:
Ավետիսյան դպրոցի սաները պատմեցին իրենց կանաչ դպրոցից, ներկայացրին դպրոցական առօրյան, իսկ ամերիկահայ երեխաները խոսեցին իրենց այցելած տեսարժան վայրերից, կիսվեցին տպավորություններով, փոխանակեցին էլեկտրոնային հասցեները:
Ապա երկու տարբեր աշխարհամասերի հայ երեխաները միասին կենսածառեր տնկեցին Սարդարապատ հուշահամալիրի տարածքում` ի նշան հայի կենսունակության և հավերժ գոյության:
Հկտ 10, 2014 | Մեր առօրյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը 2014 թ. հոկտեմբերի 10-ին հյուրընկալվեցին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրում:
Կրթօջախի մուտքի մոտ նախարար Սեյրան Օհանյանին և նրան ուղեկցող անձանց դիմավորեցին ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանը, ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, աշակերտները և ուսուցիչները:
Փոխադարձ ողջույններից հետո նախարարը շրջեց դպրոցում, ծանոթացավ ուսման և հանգստի համար ստեղծված պայմանններին, եղավ լաբորատորիաներում, ռազմագիտության դասարանում:
Ծանոթանալով ռազմագիտության դասասենյակի հագեցվածությանը, նախարար Ս. Օհանյանը խոստացավ առաջիկա մի քանի օրում դասարանը համալրել այն ամենով, ինչն անհրաժեշտ է լիարժեք դասընթաց կազմակերպելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարը կրթօջախի գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերից մի քանիսը:
Դահլիճում նախարարին և հյուրերին հայրենասիրական երգերով և ասմունքով ողջունեցին միջին և ավագ դպրոցների աշակերտները: Այնուհետև ելույթ ունեցավ նախարար Ս. Օհանյանը: Նա ողջունեց աշակերտներին և ուսուցչակազմին, բարեմաղթեց նրանց, շնորհակալություն հայտնեց Հայ Ավետարանչական ընկերակցությանն ու բարերար Էդվարդ Ավետիսյանին բոլոր առումներով հարմարավետ կրթօջախի ու մյուս բոլոր հայրենանվեր գործերի համար, որ իրականացնում են Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու բարերար Էդվարդ Ավետիսյանը:
Երեխաներին ուղղած իր կոչում նախարարը քաջալերեց նրանց լավ սովորել, դառնալ հայրենիքի լավ զինվորներ և քաղաքացիներ: Ավարտին՝ նախարար Սեյրան Օհանյանը դպրոցին նվիրեց ՊՆ համալիրի մանրակերտը:
Հկտ 8, 2014 | Մեր առօրյան
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն` պ-ն Զավեն Խանջյան:
Աստուածաշունջի այս խօսքերով ‘Օշականի ամենասուրբ գերեզման’ի ‘վսեմական վարդապետ’ը Աստուծոյ խօսքին թագուհի թարգմանութեան անդրանիկ պարբերութիւնը արարեց, հայոց ազգին իր նուիրած յաւերժութեան երաշխիք՝ սրբազան հայ տառերով:
1600 տարիներ առաջ ‘Օշականի անկորուստ կրօնական’ի կատարած գիւտին եւ անոր անմիջական իմաստաւորման ոգեկոչման ամիսն է Հոկտեմբերը: Եւ այսօր, ի՞նչ կարելի է աւելի պատշաճ, արժանաւոր, յարմար, նուիրական եւ իմաստուն երախտագիտական արտայայտութիւն մը ըլլալ փոխադարձելու ‘գիւտին փառք’ի անմահական նուէրը ազգին, եթէ ոչ Աւետիսեաններու եւ Պիլեզիքեաններու երազի իրականացման այս կենդանի՝ մտքի եւ դպրութեան փարոս հանդիսացող՝ նորակառոյց, արդիական, փառաւոր վարժարանը:
Արդարեւ, ոչ մէկ ծախս զլացուած, ոչ մէկ երեւակայութիւն անտեսուած, ամենաարդիական սարգաւորումներով կեանքի կոչուած, մտքի եւ հանճարի շտեմարան մը ըլլալու կոչուած այս կենդանի կառոյցը՝ նուէրն է Աւետիսեան ամոլին, ի յիշատակ իրենց ծնողաց՝ Խորեն եւ Շուշանիկ Աւետիսեաններու, Պիլեզիքեան ամոլին եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան՝ զետեղուած հայ ժողովուրդի գիտութեան, լոյսի եւ յաւերժացման բագինին վրայ:
Այս գործակցութիւնը բնական ընտրութիւն մըն էր Ամերիկայի Հայ Աւետարանչականին համար նկատի ունենալով Հայ Աւետարանական համայնքի մօտ 168 տարիներու եւ Աւետարանչականի 96 տարիներու ուսման, կրթութեան եւ զարգացման մարզերու մէջ ունեցած առաջնահերթ ջահակիր դերը եւ պատուական ժառանգութիւնը:
Անմահն Սիամանթօ կը շարունակէ երկնել ‘գիւտին փառք’ը
«Օշականի անհուն մեռեալ
Դուն բիւրաւոր ճիւղերով
Ոսկեհոս գետ գիտութեան
Մտքի փրկիչ, յոյսի հսկայ, կեանքի կեդրոն
Դուն անվախճան փոշիացեալ
Դուն ջահերու անմարելի շտեմարան
Ուրկէց ուղեղս, մանկութեան օրերուն
Ես, աղքատօրէն եկայ վառել….»
Այսօր, այս նուիրական կենդանի կառոյցին պաշտօնական նաւակատիքով՝ Աւետիսեան, Պիլեզիքեան փաղանքը եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան սրտաքին մաղթանք է որ մայր հայրենիքի սրբազան հողին վրայ կեանքի կոչուած այս հրաշալի մանուկները հետեւելով անմահացած նահատակ բանաստեղծի օրինակին, իրենց մանկական ուղեղներու կայծը քաղեն Աւետիսեան Վարժարանի եւ Պիլեզիքեան Նախակրթարանի ‘անմարելի ջահերու շտեմարան’էն:
‘Օշականի հանճարանիստ հողակոյտ’էն փոքր տարածութեան մը վրայ հաստատուած նորակառոյց այս կաճառը գուցէ մէկ հանճարի մը իրակնացած երազն եղած ըլլայ: Սակայն այսօր՝ մեկնած այս օրուայ մեր դիմաց փռուած այս գեղեցիկ երեւոյթէն եւ թափ տալով դէպ ապագայ երկարող մեր երեւակայութեան, կը հաւաստիացնեմ ձեզի, թէ այդ մէկ երազի իրականացումը ծնունդ պիտի տայ բիւրաւոր սերունդներու երազներու իրականացման որոնք մեր ազգի, ժողովուրդի եւ հայրենիքի ապագայ արժանաւոր առաջնորդները կոչուած են ըլլալ:
Մշակոյթի ամիս է Հոկտեմբերը եւ ի պատիւ Աւետիսեաններու, Պիլեզիքեաններու եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան , Սիամանթօի հետ կրկնելով եւ մեր խօսքը ուղղելով ‘ Օշականի անկորուստ կրօնաւոր’ին ճակատաբաց կը բացականչենք
«Եւ լսէ՛ այսօր, թոթովախօս ծաղկոցի
Շուշան — մարմին մանուկներէն՝
Մինչեւ ծերերն հողաբոյր
Քու Սուրբ անունդ կ’օրհներգեն:»
Փառք ու պատիւ՝ բոլորին:
Փառք Աստուծոյ:
Մտածողին, յղացողին, ճարտարապետին, ճարտարագետին, շինարարին, աշխատաւորին, արհեստաւորին, բարերարին, ուսուցիչին, աշակերտին, հովիւին եւ աւետարանիչին:
Վարձքերնիդ կատար:
Զաւէն Խանճեան
Գործադիր Տնօրէն
Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն
Հոկտեմբեր 8, 2014
Հկտ 8, 2014 | Մեր առօրյան
ՀՀ Նախագահը մասնակցել է Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումներին և Երևանում՝ «Խորեն եվ Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը …մեկնել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ներկա է գտնվել «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոնի» ու «Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան» նախակրթարանի մասնաշենքի բացման արարողություններին:
Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները:
Կրթահամալիրի բացման առիթով, Հանրապետության Նախագահը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով ամերիկահայ բարերարը պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հկտ 8, 2014 | Մեր առօրյան
2014 թ. հոկտեմբերի 8-ին Երանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի բացման պաշտոնական արարողությունը:
Այդ օրը տոնական էր կրթօջախի տարեգրության մեջ:
1999 թվականից դպրոցը գործում էր նույն վարչական շրջանի տարածքում՝ խորհրդային տարիներին կառուցված տիպային մանկապարտեզի շենքում: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից կրթօջախը տեղափոխվեց 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց համալիր:
Դպրոցի պաշտոնական բացումը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանը տիկնոջ՝ Փամելա Ավետիսյանի հետ, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, Հայ Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության ծառայողներ և աշխատակիցներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Դպրոցի բակում ՀՀ Նախագահին դիմավորեցին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և այլք:
ՀՀ նախագահին աղ ու հացով դիմավորելուց հետո տեղի ունեցավ Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեանների անվան նախակրթարանի մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին հետևեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների դպրոց»-ի բացումը: Նորամուտի ժապավենը կտրելուց հետո գլխավոր մուտքի նախասրահում նախագահի մուտքը դպրոց ողջունեց կրթօջախի պարախումբը:
Դպրոցում շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ լաբորատորիաներում, առարկայական կաբինետներում, մեծ մարզասրահում, դասասենյակներում, ծանոթացավ
ուսումնառության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքներին:
Այնուհետև դպրոցի 300-տեղանոց դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը:
Ելույթ ունեցան ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն:
ՀՀ Նախագահը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանին պարգևատրեց «Մովսես Խորենացի» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Էդվարդ Ավետիսյանը կարևորեց ցուցաբերվող աջակցության նշանակությունը աճող սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:
Բարերարի կինը՝ Փամելա Ավետիսյանը, կրթահամալիրին դաշնամուր նվիրեց (ռոյալ): Հանդիսությունը շարունակվեց կրթահամալիրի սաների ելույթներով:
Նույն օրը երեկոյան Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը պաշտոնական ընթրիք տվեց դպրոցի բացման կապակցությամբ Երևան ժամանած հյուրերի, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչիների համար:
Ընթրիքի ժամանակ ելույթ ունեցավ աշխարհում հաշմանդամների միակ »Փարոս« կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Ռաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:
Պաշտոնական ընթրիքի մասնակիցներին ողջունեց ԱՀԱԸ նախագահ Հովսեփ Զերոնյանը:
Ներկաները մեկ անգամ ևս շնորհավորեցին Հայ Ավետարանչական ընկերակցությանը, բարերար Էդվարդ Ավետիսյանին, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին և ամբողջ ուսուցչական կազմին՝ դպրոցի նորակառույց համալիրի բացման կապակցությամբ:
Սպտ 1, 2014 | Մեր առօրյան
Այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի օրը: Սեպտեմբերի մեկը տոն է, քանի որ ազգի գոյության հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը:
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը» միշտ առանձնակի շուքով և խանդավառությամբ է նշել այս տոնը:
Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ՝ լի գեղեցիկ ծաղիկներով և գունագեղ փուչիկներով:
Դպրոցի նորակառույց շենքի շքեղ ու լուսավոր դահլիճում կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ տարբեր դասարանների, աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մերկայացուցիչ Հ. Ներսեսյանը, ուսուցչական անձնակազմը և աշակերտների ծնողները:
Միջոցառման ընթացքում աշակերտները ողջունեցին և շնորհավորեցին միմյանց և իրենց երախտագիտությունը հայտնեցին դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանին կրթօջախի նորակառույց համալիրի համար::
Ցերեկույթի ավարտին աշակերտները երդվեցին միշտ լավ սովորել, պաշտպանել հայ մշակույթն ու մայրենի լեզուն, լինել իրենց հայրենիքի արժանավոր քաղաքացին:
Ներկաներին ողջունեցին և նոր ուսումնական տարին շնորհավորեցին Էդվարդ Ավետիսյանը և Հարութ Ներսեսսյանը: Բարերար Է. Ավետիսյանը աշակերտներին կոչ արեց լավ սովորել, հարգել ու սիրել իրենց ուսուցիչներին, բացահայտել իրենց կարողություններն ու հմտությունները:
Հ. Ներսեսյանը իր ողջույնի խոսքում ասաց, որ լավագույն պարգևը աշակերտներին որակյալ կրթությունն է, որը պայմանավորված է ոչ միայն նորակառույց և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքով, այլև փորձառու, բանիմաց և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների առկայությամբ:
Միջոցառման ավարտից հետո աշակերտները ուսուցիչների ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ծանոթացան իրենց դասասենյակներին, և սկսվեց նոր ուսումնական տարվա դասը: