Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտները շարունակում են հաջողություններ գրանցել հանրապետությունում անցկացվող տարբեր մրցույթներում: Մեր նվաճումն այս անգամ անգլերենից էր:
Խաղաղության կորպուսը ապրիլի 4-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կազմակերպել էր ասմունքի մրցույթի (անգլերեն) մարզային փուլը, որին մասնակցում էին հանրապետության 13 դպրոցների շուրջ 50 աշակերտներ:
«Ավետիսյան» դպրոցը ներկայացնում էր 10-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Հաբեշյանը, որը ասմունքում էր Շեքսպիրի 18-րդ սոնետը: Մեր աշակերտուհին իր տարիքային խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Մայիսի 10-ին տեղի կունենա ասմունքի մրցույթի հանրապետական փուլը: Լիանային մաղթում ենք նորանոր հաջողություններ:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Յուրաքանչյուր տարի` ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները այցելում են Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Այս տարի ևս բացառություն չէր: Ապրիլի 18-ին հիմնադրամի «Ավետիսյան» դպրոցն այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք: Ուսուցիչներն ու աշակերտները անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին և աղոթեցին «Հայր մերը»:
Մեր աշակերտներից մի քանիսը հարցազրույց տվեցին` արտահայտելով իրենց վերաբերմունքը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության նկատմամբ:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Ապրիլի 27-ին, ավանդույթի համաձայն, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոցի 7-10-րդ դասարանների աշակերտների 14-հոգիանոց խումբը մասնակցեց վերջին տարիներին Ծիծեռնակաբերդում հիմնված «Ծաղկահավաք» համատեղ միջոցառմանը, որն անցկացնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկերոջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ:
Մեր դպրոցականները համատեղ աշխատանքին մասնակցեցին մեծ ոգևորությամբ: Նրանք անմար կրակի մոտից դուրս էին բերում թոշնածծաղիկները, դրանց ծաղկաթերթերն անջատում ցողունից և լցնում մերձակա տարածքում նախապես սալահատակին փռված սպիտակ կտորների վրա: Ժրաջան աշակերտները «Ծաղկահավաքին» մասնակցելուամբողջ ընթացքում երգում էին ազգային-հայրենասիրական երգեր՝ խանդավառելով մեծահասակ հայրենակիցներին և բազմաթիվ արտասահմանցիների:
2010 թվականից ի վեր այդ կերպ չորացվող և հատուկ մշակություն անցնող ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար, որը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որն էլ վերջին տարիներին այն օգտագործում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիու համար:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Մայիսի 2-ին «Ավետիսյան» դպրոցը Հայ ավետարանչական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Մեր դպրոցի ասմունքի և թատերական խմբակների աշակերտների մասնակցությամբ բեմադրվել էր թատերական ներկայացում (բեմադրիչ` Հակոբ Միքայելյան):
Նախ ելույթ ունեցան մեր ասմունքի խմբակի տաղանդաշատ աշակերտները` ներկայացնելով եղեռնասպան հայ գրողներ Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի`Մեծ եղեռնի ահազարհուր տեսարանները ներկայացնող մի քանի ստեղծագործություն: Խմբակի սաները հատվածներ արտասանեցին նաև Պ. Սևակի կոթողային աշխատությունից` «Անլռելի զանգակատուն» պոեմից:
Ասմունքի խմբակի ելույթին հաջորդեց թատերական ներկայացումը: Բեմադրիչ, դրամատուրգ Հակոբ Միքայելյանը բեմականացրել էր արևմտահայ նշանավոր գրող Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց»-ը: Աշակերտները ստացան հայրենասիրության հերթական դասը, այն է` միշտ պետք է պատրաստ լինենք զենքով դիմակայելու մեր նենգ թշնամուն: «Խոհեմութիւնը զէնքին մէջն է»:
Թատերական խմբակի մեր տաղանդաշատ աշակերտները հանդիսատեսին գերեցին իրենց վստահ ու գեղեցիկ խաղով:
Մեր սաների խանդավառությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայը միշտ պահանջատեր է, շարունակելու է միշտ հիշել ու պահանջել:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսիացի ժամանակակից նշանավոր գրող Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Փաստական տվյալներով հարուստ այս վեպը ներկայացնում է 1915 թ. էրզրումահայության տեղահանության և եղեռնի պատմությունը:
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ վեպը ֆրանսերենից հայերեն է թարգմանել «Ավետիսյան» դպրոցի հայոց լեզվի և գրականության սիրված ու հարգված ուսուցչուհի Զարմիկ Սարգսյանը, որը վեպի թարգմանությամբ ցանկացել է իր փոքրիկ ներդրումն ունենալ «Մեծ եղեռնի մասին Ճշմարտությունն աշխարհի հիվանդ ականջին հասցնելու գործում»:
Շնորհանդեսին, ի թիվս այլ հյուրերի, ներկա էին «Ավետիսյան» դպրոցի ուսուցիչները և Զ. Սարգսյանի աշակերտները:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն ստեղծվել է՝ մարդկությանը ևս մեկ անգամ խաղաղության, մարդասիրության ու մանկասիրության կոչ անելու:
Աշխարհի բոլոր փոքրիկները արժանի են գոնե այս օրը ունենալու հեքիաթային անհոգ մանկություն:
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան մանկապարտեզում հունիսի 1-ին իսկական տոն էր: Կրթահամալիրի կանաչապատ բակում մեր փոքրիկ սաները ուրախ երգ ու պարով ներկայացրին իրենց առօրյան ու չարաճճի արկածները սիրելի մանկապարտեզում:
Երեխաները իրենց դերասանական խաղով ու բարձր տրամադրությամբ կարողացան մեծահասակներին ևս տեղափոխել մանկության հրաշք մոլորակ: