Ալեքսը հուսախաբ չի անի

Ալեքսը հուսախաբ չի անի

Երբ դպրոցի տնօրեն Սարին Խաչիկյանը բեմ հրավիրեց 12-րդ դասարանի աշակերտ Ալեքս Դանղյանին, դահլիճը մինչեւ վերջ նրան ուղեկցեց բարձր ծափերով, որոնք երկար ժամանակ չէին լռում: Պատանին իրոք արժանի էր դրան. իր անկոտրում ձգտման շնորհիվ, համառ պարապմունքներին եւ մարզումներին զուգահեռ՝ Ալեքսը հաղթահարել էր նաեւ բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի ֆեդերացիայի 150-ժամյա տեսագործնական մարզումները եւ արդյունքում արժանացել բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի մարզչի կոչման եւ հավաստագրի:

Առաջինդասարանցի փոքրիկ, թմբլիկ Ալեքսի փոխարեն այժմ դասընկերների եւ ուսուցիչների շնորհավորանքներն է ընդունում ատլետիկ կազմվածքով, փայլուն մարզավիճակով, ուժեղ եւ պիրկ, հաստատակամ ժպիտով մի երիտասարդ: Միայն նրա համեստությունն է մնացել անփոփոխ:

Շուտով նա կավարտի դպրոցը: Իսկ առայժմ սովորում է բոլոր առարկաները եւ ամենից շատ սիրում է մաթեմատիկան:

«Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել» հարցին Ալեքսը պատասխանում է.

‒ Թող դա մնա իմ գաղտնիքը: Կարեւորը՝ ֆիզիկապես եւ հոգեպես ես պատրաստ եմ եւ հուսախաբ չեմ անի: