Պատահե՞լ է, որ չնայած Ձեր անթերի անգլերենին՝ չկարողանաք զրուցակցին հասցնել ձեր ամենահետաքրքիր միտքը կամ էլ չհասկանաք, թե ինչու է Ձեր անգլախոս զրուցակիցը «պարտքով տալիս»… ականջը, ինչ է անում նա «իններորդ երկնքի վրա» եւ ով է նրա «աչքի խնձորը»: Եթե՝ այո՛, ապա HAYdioms կայքէջը հենց ձեզ համար է: Այն ստեղծել են Ավետիսյան դպրոցի 10-րդ «բ» եւ ԱԲ-ի դասարանների աշակերտները անգլերենի ուսուցչուհի Մարինե Թունյանի խորհրդով ու նախաձեռնությամբ:
Անգլերենի դարձվածքները եւ նրանց հայերեն համարժեքները ներկայացնող HAYdioms-ը օգնության կհասնի ամեն անգամ, երբ բառացի թարգմանությունն անօգուտ կլինի: Այստեղ անգլերեն դարձվածքների փաթեթները՝ հեշտ, միջին բարդության եւ բարդ նկարներով, սովորեցնում են գտնել իրենց հայերեն համարժեքները, հեշտացնում հաղորդակցությունը, շփումը, ուսանումը: Սովորածն ամրապնդվում է խաղի միջոցով:
Մինչեւ ծրագիր ու գործ դառնալը HAYdioms-ի գաղափարը ճանապարհ է անցել, թրծվել. ավետիսյանցիները նախ հարցումներ են անցկացրել դպրոցում եւ դպրոցից դուրս, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդկանց շրջանում: Այնուհետեւ զտել են հարցման արդյունքները, ընտրել անգլերենով ազատ հաղորդակցվելու համար ամենից կարեւոր պայմանները, դրանց մեջ՝ դարձվածքները՝ որպես յուրաքանչյուր ազգի լեզվամշակութային ինքնության դրսեւորումներ:
Դպրոցի դահլիճում ներկայացնելով իրենց կայքէջը՝ HAYdioms-ի հեղինակները, գուցե համեստությունից, չասացին, որ միայն առաջին շաբաթվա ընթացքում կայքէջն ունեցել է 18000 դիտում: 180 օգտատեր էլ կիսվել է հղումով:
Ուզո՞ւմ եք հասկանալ, թե անգլերեն «Ոչ գլուխ կարող եմ շինել, ոչ էլ պոչ» դարձվածքը ինչպե՞ս կասի հայը, մտե՛ք HAYdioms. պատասխանն այնտեղ կգտնեք, թե չէ, ինչպես ասում են թե՛ հայերենով, թե՛ անգլերենով, այդ պատասխանը «լեզվիս ծայրին է»:
