Գրեթե 45 տարի է, ինչ աշխատում եմ կրթության ոլորտում: Այս տարիների ընթացքում միշտ սովորել եմ, ուսումնասիրել, փորձել եմ հասկանալ կրթության ոլորտի բացթողումներն ու դժվարությունները:

Մոսկվայում վերապատրաստումներից մեկի ժամանակ դասախոսներից մեկը պատմեց իր փորձի և մոտեցման մասին, ավելի ճիշտ՝ մեթոդիկայի մասին, ինչը ինձ շատ հրապուրեց: Տարիներ անց՝ իմ մանկավարժական պրակտիկայում կիրառելուց հետո, ցանկանում եմ բաժնեկցել ձեզ հետ:

Ուզում եմ խոսել «Կանաչ գրիչ» մեթոդի մասին:

«Կանաչ գրիչ» մեթոդը մշակվել է Տատյանա Իվանկոյի կողմից, երբ նա իր դստեր հետ սովորում էր գրել տառերը:

Կանաչ գրչի այս սկզբունքը կարող է օգտագործվել կրթության և վերապատրաստման այլ ոլորտներում: Այն բոլոր տարիքի ուսանողներին սովորեցնում է չկենտրոնանալ ձախողումների վրա, այլ նկատել հաջողությունները: Սա մարզչական կարևոր մոտեցում է:

Ուրեմն ի՞նչ իմաստ ունի:

Երբ երեխան գրում էր, մայրը կարմիր գրիչով չէր շեշտում երեխայի սխալները, ինչպես դա անում էին տարրական դպրոցում: Նա կանաչ գրիչով ընդգծում էր այն տառերն ու կեռիկները, որոնք երեխայի մոտ լավ են ստացվել: Աղջկան շատ դուր եկավ դա, և միշտ յուրաքանչյուր տողից հետո նա հարցնում էր՝ որն է ամենագեղեցիկը:

Ո՞րն է տարբերությունը մոտեցումների միջև:

Կարմիր գրիչով սխալներն ընդգծելու դեպքում մենք կենտրոնանում ենք սխալների վրա: Ի՞նչ է պահվում ենթագիտակցական հիշողության մեջ: Կարծում եմ՝ այն տառերը, որոնք տգեղ են գրված, ինչը սխալ է:

Ուզենք, թե չուզենք, ենթագիտակցորեն հիշում ենք, թե ինչն է կարևորվում:

Երկրորդ դեպքում մենք կենտրոնանում ենք ճիշտ արվածի վրա: Մենք բոլորովին այլ հույզեր ենք ստանում, տարբեր ընկալումներ: Ուզենք, թե չուզենք, ենթագիտակցորեն մենք ձգտում ենք կրկնել այն, ինչը իդեալական էր:

Սա բոլորովին այլ ներքին դրդապատճառ է. ոչ թե սխալներից խուսափելու, այլ լավ գործելու ցանկություն:

Ես միշտ ինձ հարց եմ տվել. «Ինչպե՞ս են տետրում ընդգծված սխալներն ազդում հետագա հասունության վրա»:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մենք՝ մանկավարժներս, սովոր ենք կենտրոնանալ թերությունների վրա, թե ինչն է սխալ, թե ինչն է մեր կարծիքով վատը:
Մեզ սովորեցրին դա անել դպրոցում կարմիր գրիչի օգնությամբ, մեզ սովորեցնում են դա անել տանը, երբ մեզ ավելի հաճախ նախատում են սխալների, քան գովում են լավ գործերի համար:

Շարքում գրված 20 մասնիկներից միայն մեկն է ընդգծվել: Դրանցից 19-ը լավ էր գրված, իսկ 1-ը`անկատար:

Ինչո՞ւ ենք կենտրոնանում այդ մեկի վրա:

Այս սովորությունը (կարմիրով վատն ընդգծելու), որը մենք տեսնում ենք մանկուց, և որը հասուն տարիքում հնարավոր չէ արմատախիլ անել մեր գիտակցությունից, դառնում է կյանքի դժգոհության ամենատարածված պատճառը:

Ինչի վրա էլ կենտրոնանում և աճում են: Որտեղ ուղղված է ուշադրությունը, այնտեղ մեծանում է:

Ամեն ինչ սկսվում է մանկությունից, մանկությունից մենք մեր բոլոր սովորություններն ու հմտությունները տանում ենք դեպի հասունություն, և ոչ բոլորն են մեզ լավ ծառայում:

Ներկայացնելով կանաչ գրչի սկզբունքը՝ դուք կտեսնեք, որ, եթե նույնիսկ չեք մատնանշում երեխայի սխալները, դրանք աստիճանաբար վերանում են ինքնուրույն, որովհետև երեխան ձգտում է շատ բան իր կամքով անել:

Սիրելի՛ մանկավարժներ, ծնողներ, եկե՛ք փորձենք հակառակը, ավելի հաճախ նկատենք դրականը, և այդ ժամանակ մեր շուրջն ավելի դրական կլինի:

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.