Դեկտեմբերի 22-ին «Ավետիսյան» դպրոցում տոնական եռուզեռ էր. ժամը 12-ին սկսվելու էր ամանորյա բարեգործական տոնավաճառը: Աշակերտները այս միջոցառմանը պատրաստվել էին մեծ ոգևորությամբ. նրանց ընձեռվել էր բարի գործ կատարելու հերթական հնարավորությունը …
Մեր տաղանդավոր սաները նախօրոք պատրաստել էին տարատեսակ անուշեղեններ, տոնածառի խաղալիքներ, ձեռագործ աշխատանքներ ու գեղեցիկ հուշանվերներ, որոնք պետք է վաճառեին:
Տոնավաճառի ընթացքում մեր փոքրիկ հրուշակագործներն ու արհեստավորները վերածվեցին հմուտ առևտրականների, որոնք սակարկում էին, «հաճախորդների» ուշադրությունը գրավելու տարբեր հնարամիտ միջոցներ մտածում և համոզում գնումներ կատարել:
Օրը աշակերտների և ուսուցիչների համար ի վերջո վերածվեց տոնի, որին մասնակցեցին նաև աշակերտների ծնողները, ինչպես նաև դպրոցի` տարբեր տարիների շրջանավարտներ:
Բարեգործական տոնավաճառի հասույթը կտրվի որևէ կարիքավոր ընտանիքի: