Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ ԱՀԱԸ «Շող» ցերեկային կենտրոնի ազգագրական պարային համույթի ոգևորիչ համերգը: Խումբը ներկայացրեց 11 ազգագրական պար, ինչպես` «Կարնո քոչարի», «Ռոստամբազի», «Ֆնջան», «Մշո խըռ», «Յարխուշտա»: Համույթի ղեկավարը յուրաքանչյուր պարից առաջ հակիրճ ներկայացնում էր դրա բովանդակությունը, ծագումը, նշում` Հայկական լեռնաշխարհի որ տարածքներում են դրանք տարածված եղել: Աշակերտները մեծ ոգևորությամբ դիտեցին կատարումները` փորձելով հնարավորինս յուրացնել շարժումները և մտապահել սովորածը: Ցերեկույթի ավարտին կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին հորդորեց սիրել ու գնահատել մեր մշակույթը, ուսումնասիրել այն, սովորել ժողովրդական երգն ու պարը: Համերգին ներկա էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա ողջունեց Ավետիսյան դպրոցի աշակերտներին և նրանց պատմեց հայկական ազգագրական պարերի մասին: Վաստակավոր պարուսույցը նշեց, որ դրանք, արմատներով նույնը լինելով, միմյանցից տարբեր ու բազմազան են, և դրանց միջոցով իրենք փորձում են հային վերադարձնել իր ինքնությունը: Գ. Գինոսյանը ներկաներին հորդորեց սիրել այն ամենը, ինչը հայկական է, և հպարտանալ հայ լինելով: